Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդքան տղամարդ է, թող անունները թվարկի, ովքեր են գնացել, խոսել ու ինչ են ասել. Բագրատ սրբազանը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Սեպտեմբեր 16,2024 14:08

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ԱԺ-ում չմանրամասնեց, թե ինչ են փակ հանդիպումներում ասել ՀՀ նախկին նախագահները՝ արդյոք իրենց աջակցությունը շարժմանը հայտնե՞լ են:

«Քանի որ հանդիպումը փակ է, իրավասու չեմ մանրամասների մասին խոսել: Խնդիրն աջակցել-չաջակցելը չէ, խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե ուր ենք գնում»,- պատասխանեց Բագրատ սրբազանը:

Սեպտեմբերի 22-ին նախատեսված հավաքի ժամանակ ծրագիր կներկայացնե՞ք՝ հարցին էլ Բագրատ սրբազանը պատասխանեց՝ ծրագիրը մեկն է՝ չարիքին հեռացնելը. «Մնացած բոլոր մանրամասները ներկայացրել եմ՝ հաշտության կառավարություն, մեր տեսիլքը ապագա Հայաստանի մասին…»:

Անդրադառնալով գնահատականներին, թե ինքն ընդունելի է որպես հոգեւոր առաջնորդ, բայց ոչ որպես քաղաքական առաջնորդ, Բագրատ սրբազանն արձագանքեց, որ քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն էլ չունի. «Ի սկզբանե էլ ասել եմ դրա մասին, խոսել եմ այդ մասին 3,5 տարի առաջ ու խոսում եմ ամեն անգամ: Ինձ համար վերջնարդյունքն է կարեւոր»:

Լրագրողներից մեկը Բագրատ սրբազանին հիշեցրեց շարժման սկզբում իր հայտարարությունը, թե իշխանություններին 7-10 օր ժամանակ է տալիս հեռանալու, ինքը ժամանակ չունի երկար սպասելու փողոցներում, մինչդեռ հետո հայտարարեց, որ կշարունակվի պայքարը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ըստ էության, չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել:

«Բնականաբար, չի հաջողվել, մենք ավելի բարձր կարծիք ենք ունեցել իրենց մասին, քան իրենք ունեցել են: Բայց կհաջողվի, ամեն ինչ էլ կյանքում հաջողվում է»,- պատասխանեց Բագրատ սրբազանը:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի պնդումներին, թե իր մոտ շարժման անունից համհարզներ են գնացել, Բագրատ սրբազանն այսպես արձագանքեց. «Ես իրենց նման ոչ ստրուկ, ոչ գործակալ ունեմ: Համհարզ ոչ մեկի մոտ չեմ ուղակել, եթե ինչ-որ մեկն էլ նախաձեռնել է գնա, խոսի, շատ նորմալ ու բնական է: Եթե այդքան տղամարդ է, թող անունները թվարկի, ովքեր են գնացել, խոսել ու ինչ են ասել»:

Բագրատ սրբազանը նաեւ նկատեց, որ ԱԺ շենքում ծվարած ու մեր հաշվին փող աշխատողները, որոնք հեռուստատեսությամբ իրենց պատռում էին, եթե ասելիք ունեն, թող գան, իրեն ասեն, հիմա ԱԺ-ում է. «Եկել եմ իրենց դուռը, մեռելոցի առիթով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30