Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքը շարունակվում է՝ «խաղաղության պայմանագրի», սահմանազատման եւ սահմանագծման միակողմանի զիջումների ներքո։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ լրանում է արցախցիների բռնագաղթեցման մեկ տարին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում, եւ ՀՀ իշխանությունների կողմից որեւէ գործողություն չի իրականացվում նրանց վերադարձի ուղղությամբ։ Երկու տարի է անցել ջերմուկյան գործողություններից, երբ ադրբեջանցիները մխրճվել են ՀՀ տարածք, իսկ այսօր գործողություններ չեն իրականացվում նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ։
«Մեզ համար Արցախի հարցն ամենացավալի հարցն է, այն չի վերջացել, որովհետեւ, առաջինը, Արցախի հակամարտությունն ավարտված չէ։ Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնազավթեց ամբողջ Արցախը՝ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» շրջանակներում։ Եվ այդ առումով Ադրբեջանը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար։ Այսօր հակառակն է իրականացվում՝ Ադրբեջանը, ինքը լինելով ագրեսոր երկիր, փորձում է Հայաստանի Հանրապետության վրա դնել ագրեսոր երկրի համար նախատեսվող բոլոր պատժամիջոցները։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի սուբյեկտայնության պահպանման, ինստիտուտների, կառավարման համակարգի գործունեության համար, որոնք պետք է ուղղված լինեն Արցախի ժողովրդի կարգավիճակի, հետվերադարձի պայմանների ապահովմանը, առաջին հերթին միջազգային երաշխիքների ներքո, գործուն աշխատանքներ չեն տարվում։ Ցավալի իրողություն է՝ ՀՀ իշխանություններն ուղղակի հրաժարվել են Արցախի վերաբերյալ որեւիցե ռազմավարություն մշակելուց։ Եվ այդ առումով Արցախի իշխանությունների կողմից իրականացվող մարտավարական քայլերը միջազգային հարթակում, որպեսզի գոնե բանակցությունները սկսվեն, այլընտրանք չունեն»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ