«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր այցելել է ԱԺ՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցությունների հետ: Լրագրողները Բագրատ սրբազանից հետաքրքրվեցին՝ ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ընդդիմադիր խմբակցությունների հետ, այն հարցերը, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հե՞տ են քննարկել:
«Ոչ միայն»,- պատասխանեց Բագրատ սրբազանը, ապա շարունակեց. «Քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնց հետ այս ընթացքում հանդիպել ենք՝ մտավորականության, հասարակության շերտերի: Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքները՝ հասկանալու՝ ինչ ճանապարհով են առաջ գնալու»:
Հարցին՝ ՔՊ-ի հետ հանդիպում լինե՞լու է, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ եկել եմ. «Եթե ուզեն՝ սիրով: Մանավանդ որ այդքան զազրախոսել են: Խոստովանության ժամ էլ կարող է լինել՝ ինչու են զազրախոսել»:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասում էր՝ Դուք պետք է ապաշխարեք, Բագրատ սրբազանը շարունակեց՝ եթե զազրախոսության շքերթը շարունակվում է , ասեմ, որ 30 տարի ապաշխարում եմ:
Հարցին, թե առաջին նախագահի հետ հանդիպում լինելո՞ւ է, պատասխանեց, որ հարգելի պատճառով չի լինելու, ասաց՝ պատճառների մասին չի կարող բարձրաձայնել:
Հարց հնչեց նաեւ, թե արդյոք հակասություն չկա՞, որ անընդհատ շեշտում են՝ իր գլխավորած շարժման հետեւում չկան նախկին երկու նախագահները, բայց պարբերաբար հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բագրատ սրբազանն ի պատասխան ասաց. «Մեր երկրում գոյություն ունեն քաղաքական ուժեր՝ ներառյալ նախկին նախագահների ղեկավարած ուժերը: Ասել ենք, որ սա բոլորի շարժումն է՝ ոչ որեւէ կուսակցության կամ ոչ որեւէ քաղաքական ուժի… ինչպես հանդիպել եմ շարժման ժամանակ Սերժ Սարգսյանին, այդպես էլ պայքարի այս ընթացքում շարունակելու եմ քաղաքական դաշտի բոլոր գործողների հետ հանդիպել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ