JAMnews. Տարեցտարի Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը նվազում է։ Երիտասարդները չեն ուզում ակադեմիական կրթության վրա չորս և ավելի տարիներ և ֆինանսական միջոցներ վատնել:
Նրանք նախընտրում են ստանալ միջին մասնագիտական կրթություն, հետո մի քանի ամիս վերապատրաստվել և սկսել աշխատել: Այսպես արագ ինքնուրույնանում են, նաև թեթևացնում են ընտանիքի հոգսը:
Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16.000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5.000-ը։ Դա կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։ Որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել:
Ակադեմիական կրթության ճգնաժամը և «նոր կրթության» պահանջները
Կարդացեք նաև
Միշա Թադևոսյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ասում է՝ ակադեմիական կրթության հայեցակարգը և ավանդական մոտեցումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, ընդհանուր առմամբ ճգնաժամի մեջ են։ Դա, իր կարծիքով, պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կրթության հասանելիությամբ ու մատչելիությամբ, մարդու՝ որպես սոցիալական էակի զարգացումով, ընդհանուր ուսուցման ոճերի, տեմպի ու որակի փոփոխությունով։
«Տեսնում ենք, թե ինչպես է 21-րդ դարում տեղեկատվության աղբյուրների բազմազանությունը համալսարանական պատերի անհրաժեշտությունը դարձնում երկրորդական։ Այժմ մարդը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ գիտելիքը աշխարհի ցանկացած կետից։ Միջազգային լավագույն բուհերը վերանայում են իրենց ծրագրերի բովանդակությունն ու կրթության կազմակերպման սկզբունքները, որպեսզի համապատասխանեցնեն դարի մարտահրավերներին»,- բացատրում է նա։
Թադևոսյանի ընկալմամբ՝ ավելի խորքային դրդապատճառը կրթության ու ուսուցման մեթոդների վերաբերյալ ժամանակակից մարդու սոցիալական ընկալումների փոփոխությունն է․
«Փոփոխություն, որին մեծամասամբ չի արձագանքում ակադեմիական համակարգը՝ շարունակելով 21-րդ դարի անհատին տրամադրել 19-20-րդ դարերում մշակված կրթական համակարգերի մեթոդաբանական գիտելիք»։
Կարճաժամկետ դասընթացները մասին խոսելիս՝ շեշտում է, որ դրանք սովորաբար նպատակ ունեն փոխանցելու առաջնային տեղեկատվությունն ու գործիքները այս կամ այն ոլորտի կամ դրա առանձին ասպեկտի վերաբերյալ․
«Դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել համալսարանական ակադեմիական ոչ ճկուն համակարգից, քանի որ այն չի կարողացել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մոդիֆիկացնել կրթական ծրագրերը։ Արդյունքում՝ ժամանակակից շուկայում անհրաժեշտ մի շարք մասնագիտությունների ու մասնագիտացումների ուղղությամբ ուսումնական ֆորմալ հաստատություններում հնարավոր չէ կրթություն ստանալ»։
Նկատում է, որ կարճաժամկետ դասընթացները տրամադրում են առաջնային պատկերացումներ ու տեղեկատվություն, ոչ թե լուրջ գիտելիք ոլորտի վերաբերյալ։ Հետևաբար՝ չեն լրացնում խորքային գիտելիքների պակասը.
«Որպես կանոն, նման պրակտիկայի արդյունքը կարող է ոչ դրական անդրադառնալ երիտասարդների հետագա կարիերայի կողմնորոշման, աշխատավայրում փորձառության, մասնագիտական ուղղորդման և այլ հարցերի վրա»։
Միևնույն ժամանակ, այլընտրանքային կրթությունը, ըստ նրա, կարող է դիտարկվել որպես հնարավորություն, երբ այն առաջարկում է ավելի ճկուն և անհատականացված մոտեցում ամեն մեկի համար՝ ի տարբերություն ավանդական կրթական համակարգի․
«Այս կրթական ձևը հնարավորություն է տալիս անհատին բացահայտելու իր ներքին պոտենցիալն ու տաղանդները՝ ազատվելով ընդհանուր, միատիպ ուսուցման ավանդական կրթական համակարգի սահմանափակումներից»։
Ինչ վերաբերում է Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններին, նկատում է, որ խնդիրները պահանջում են ոչ միայն հատվածային լուծումներ առանձին ուղղություններով, այլ համապարփակ մոտեցում և արձագանք․
«Այսօր կարող ենք տեսնել կրթության մեջ տեխնոլոգիաների ինտեգրման, դասագրքաստեղծման, ուսուցիչների վերապատրաստման գործընթացների ու ընթացակարգերի փոփոխություն։ Դրանք պահանջում են մեծ ջանքեր բոլոր դերակատարների կողմից՝ աշակերտից մինչ որոշում կայացնող լիազոր մարմին»։
Մանկավարժը կարծում է՝ եթե այս փոփոխությունները ամբողջությամբ կյանքի կոչվեն, կարելի է ակնկալել, որ կրթական համակարգը կլինի ավելի արդյունավետ, բազմակողմանի և համապատասխան ժամանակակից պահանջներին։ Իսկ դա, իր հերթին, կնպաստի Հայաստանի տնտեսական և հասարակական զարգացմանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: