«Այսօր Երևան այցելելով՝ ես ցանկանում եմ արտահայտել հայ ժողովրդին և կառավարությանը Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը՝ չնայած սպառնալիքներին, ՌԴ-ի կողմից ակնհայտ թշնամանքին»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ ՌԴ -ն դրսևորում է ակնհայտ թշնամանք և ցանկանում ճնշել ՀՀ-ին, բայց ՀՀ-ն, չնայած դրան, շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն․ «Հայաստանն առաջ է գնում փուլ առ փուլ, կարող եք միշտ ձեր հույսը դնել մեր աջակցության վրա ժողովրդավարական արժեքների համար պայքարում։ Ահա ինչու Ուկրաինային աջակցողներից մեկն ենք նաև։ Հայաստանին աջակցությունը տարբեր քաղաքականություններից անդին է Ֆրանսիայում։ Շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ քաղաքական բոլոր ուղղությունները համաձայն են, ՀՀ-ն այդ թեմաներից մեկն է»։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության մասին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց, որ կողմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության խաչմերուկին․ «Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրումը մի պայմանագրի, որն արդար ու կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով տարածքային ամբողջականությունը երկու երկրների։ Սա Ալմաթայում 1991-ին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է»։
Սահմանազատման գործընթացի մասին էլ Ստեֆան Սեժուրնեն ասաց․ «Օգոստոսի 30-ին գտնված համաձայնությունը հենց ճիշտ ուղղությամբ է գնում։ Մենք աջակցում ենք այս գործընթացին՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որ հիշատակեցի՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն։ Կարծում ենք՝ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության ու համագործակցության շրջան, որը հնարավորություն կտա, այդ թվում և առևտրի զարգացման։ ՀՀ-ն ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն։ Քանի որ Ադրբեջանը շուտով հյուրընկալելու է COP29 համաժողովը, նրա պատասխանատվությունն է մինչև համաժողովը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում են հասնել այդ խաղաղությանը»։
Կարդացեք նաև
Ֆրանսիացի լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակն ու այս համատեքստում ՀՀ-ի հետ համագործակցությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսպես պատասխանեց․ «Այս այցը հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի կողմից և նախագահի կողմից։ Սա, կարելի է ասել, պետության հանձնառության շարունակականության դրսևորում է։ Մեր պաշտպանած արժեքների փոփոխություն չի լինելու, այդ շարունակականությունը, մեր աջակցությունը ՀՀ-ին ու հարաբերությունները պահպանվելու են։ Գուցե լինեն մարդկանց փոփոխություններ բարձր պաշտոններում, բայց հանձնառությունը կշարունակվի, և իմ ներկայությունը դրա վկայությունն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ