Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցում սահմանը գծելով՝ ՀՀ վրա լեգիտիմ հարձակման վերջին ռիսկը վերացրել ենք, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները»

Սեպտեմբեր 16,2024 12:38

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավորներին՝ ի՞նչ իրավական ուժ ունի Կիրանցում տեղի ունեցած սահմանազատումը, եթե կանոնակարգը դեռ հաստատված չէ, ուղարկվել է ՍԴ։ 

«Ճիշտ եք, սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան եւ դրանից հետո կգա Ազգային ժողով վավերացման։ Այսինքն՝ մենք դեռ ժամանակ կունենանք բավական մանրամասն միմյանց հետ խոսելու եւ քննարկելու այս գործընթացը։ Բայց մեր հանրության համար էլ ասեմ, որ կանոնակարգը հիմնականում տեխնիկական լուծումների մասին է, այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք սահմանադրական խնդրի հետ»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նա հավելեց, «Ձեր հարցը շատ տեղին է՝ ինչո՞ւ Կիրանցի սահմանազատման պրոցեսից հետո միայն տեղի ունեցավ աշխատակարգը։ Նախ` եկեք կոնտեքստը վերհիշենք, թե ինչպես Տավուշում մենք սկսեցինք սահմանազատումը։ Նախ` արձանագրենք, որ Տավուշի մարզի սահմանազատումը ՀՀ ձեռքբերումն էր, որովհետեւ այն գյուղերը, որոնք շարունակում էին մնալ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, բայց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, շարունակում էին մնալ հրձիգ պատերազմի համար եւ միակ լեգիտիմ հնարավորությունը Ադրբեջանի համար՝ ՀՀ վրա հարձակվելու։ Եվ ըստ էության, սահմանները վերջնականապես գծելով, մենք ՀՀ վրա լեգիտիմ հարձակման վերջին ռիսկը վերացրել ենք եւ ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կիրանցի սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա մենք ստեղծեցինք աշխատակարգը եւ դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց․ «Կիրանցում դպրոցն այսօր գործում է, երկուշաբթի է, երեխաները գնացել են դասի։ Եվ երեխաները գնացել են դասի, որովհետեւ Կիրանցի մեր հայրենակիցները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչ սահմանազատում իրականացնելը։ Արձանագրենք այդ փաստերը, չնայած կասկածները շատ մեծ էին, որ դպրոցը չի գործելու, այդ պատը խնդիր չի լուծում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30