Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքն ապրում է մեկուսացման մեջ». Պուտինի «թագաժառանգների» գաղտնի կյանքը

Սեպտեմբեր 16,2024 12:16

«Ազատություն». Հունիսին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր` արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Վալդայի հանգստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կեցավայրի պաշտպանությունն ուժեղացվել է՝ դրա հարևանությամբ տեղակայվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք, ըստ երևույթին, նախատեսված են ուկրաինական անօդաչու թռչող սարքերից շքեղ կալվածքը պաշտպանելու համար:

Ըստ Dossier Center հետաքննական լրատվամիջոցի հոդվածի, որը ֆինանսավորում է նավթային նախկին մագնատ և Պուտինի խիստ քննադատ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին, լճափնյա տունը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա ճանապարհի գրեթե մեջտեղում և Կրեմլից ուղղաթիռով 20 րոպե հեռավորության վրա է, Պուտինի երկու մանկահասակ որդիների հիմնական բնակության վայրն է։ Լրագրողները վաղուց են հայտնել, որ Պուտինը երկու որդի ունի օլիմպիական չեմպիոն նախկին մարմնամարզուհի և Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևայի հետ կապից, սակայն Dossier-ի հոդվածը, որը գլխավորապես հիմնված է այդ տանն ապրած և աշխատած, երկու տղաների հետ պարբերաբար շփված աղբյուրի հետ հարցազրույցների վրա, է’լ ավելի շատ մանրամասներ է ներկայացնում։

71-ամյա Պուտինն ու Կրեմլը հույժ գաղտնի են պահել նախագահի ընտանիքի մասին տեղեկությունները նրա իշխանության տասնամյակների ընթացքում:

Այս ամսվա սկզբին, սակայն, Տիվա շրջան կատարած այցի ընթացքում Պուտինը տեղի դպրոց այցելելիս արտասովոր մեկնաբանություն արեց:

«Իմ ընտանիքի անդամներից ոմանք՝ փոքրերը, նույնպես խոսում են չինարեն, նրանք սահուն են խոսում», – ասաց նախագահը: Անհասկանալի էր, թե նա ում նկատի ուներ՝ երեք թոռների՞ն, որոնք, ըստ տեղեկությունների, ունի Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնությունից (որը 2014-ին ավարտվեց ամուսնալուծությամբ) ծնված երկու դուստրերից, թե՞ 41-ամյա Կաբաևայի հետ իր որդիներին, որոնք ծնվել են 2015 և 2019 թվականներին:

Դուստրերը

Պուտինի ավագ դուստրը՝ Մարիան, ծնվել է Լենինգրադում 1985-ին և այժմ 39 տարեկան է։ Թեև Պուտինը չի հաստատել այս տեղեկությունը, նրան նույնականացրել են որպես էնդոկրինոլոգ Մարիա Վլադիմիրովնա Վորոնցևա։

Պուտինի կրտսեր դուստրը՝ Եկատերինան, ծնվել է Դրեզդենում (այն ժամանակ դեռ Արևելյան Գերմանիայում) 1986-ին և այժմ 38 տարեկան է: Լրագրողները նրան նույնականացրել են որպես Կատերինա Վլադիմիրովնա Տիխոնովա, նախկին ակրոբատ պարուհի, որը ղեկավարում է Մոսկվայի պետական համալսարանի հովանու ներքո գործող և պետական ֆինանսավորում ստացող բիզնես ինկուբատորը:

Որդիները

Նույնիսկ 2014-ին Լյուդմիլայից ամուսնալուծվելուց առաջ Պուտինը 2008-ից սիրային կապի մեջ է եղել Կաբաևայի հետ։

Ըստ Dossier-ի՝ Կաբաևայից Պուտինի ունեցած առաջին որդին՝ Իվանը, ծնվել է 2015-ին, իսկ կրտսերը՝ Վլադիմիրը, ծնվել է 2019-ին։ Dossier-ն նշել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել տղաների լուսանկարները, սակայն որոշել է չհրապարակել դրանք՝ անչափահասներին պաշտպանելու համար:

«Նրանք շատ ժամանակ չեն անցկացնում իրենց ծնողների հետ,- «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Dossier-ի հոդվածի առաջատար հետաքննող լրագրող Իլյա Ռոժդեստվենսկին,- Մեր տեղեկություններով՝ օրական մոտ 30-ից 60 րոպե… Որոշ չափով դայակները փոխարինում են ծնողներին՝ նրանց հետ նախաճաշելով, նրանց սովորեցնելով ու մարզելով»։

Այդուհանդերձ, հավելել է Ռոժդեստվենսկին, հատկապես Իվանը շատ է սիրում Պուտինին։

«Որդին շատ է գնահատում իրենց համատեղ խաղը և հոկեյի համատեղ խաղերը,- բացատրում է նա,- Որդիները Վլադիմիր Պուտինի հետ խաղում են մեկ թիմում՝ ընդդեմ Պաշտպանության դաշնային ծառայության գործակալների: Իվանը ծառաներին բազմիցս է պատմել մի պատմություն, որը, ըստ երևույթին, ծնողներն են նրան պատմել, որ երբ նա ծնվել է, հայրն այնքան է ուրախացել, որ բացականչել է․ «Ուռա, վերջապես տղա»։

«Թագաժառանգներ»

Dossier-ի աղբյուրը ուշադրություն է հրավիրել մի գովազդի վրա, որն այս տարվա սկզբին հայտնվել է English Nanny զբաղվածության էլիտար գործակալության կայքում, ընկերություն, որը մարդկանց է գտնում, որպեսզի աշխատեն Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից և այլ երկրներից հարուստ մարդկանց տներում և նրանց օգնեն կենցաղային հարցերում: Գովազդում նշում էր, որ փնտրվում է «Սանկտ Պետերբուրգի մարզում 4 և 8 տարեկան երկու երեխայի համար անգլերենի ուսուցիչ, որը պետք է բնակվի գործատուի տանը»:

«Ընտանիքն ապրում է մեկուսացման մեջ»,- ասվում էր գովազդում, որն առաջարկում էր ամսական 7700 եվրո (8500 դոլար) աշխատավարձ։ Գովազդում նաև նշվում էր, որ ուսուցիչը «պետք է աշխատի մեկուսացված» և «չպետք է լքի գործատուի տարածքը»։

Հեղինակներ՝ Ռոբերտ Կոալսոն և Արտյոմ Ռադիգին

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30