«Շատերն ասում են, թե ինչո՞ւ Հայաստանը հետ չի վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից։ Չէ, պետք է չվերցնի, որպեսզի մնացած խնդիրները, որոնք առկախված են, ինչ-որ պահի նաեւ հնարավոր լինի դիվանագիտական ճանապարհով ստանալ լուծումների ճանապարհային քարտեզ, որի մեջ կարող է դիտվել նաեւ մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը։ Նրանք դուրս են եկել, որովհետեւ պայմանագրի մյուս երկու կողմերն իրենց պարտականությունները չեն կատարել։ Այդ պայմանագիրն ունի բավական ներուժ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի միջանցքի մասին հայտարարություններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Միջանցքի հարցը շատ է շահարկվում, բայց այդ բոլոր հարցերը լուծվում են խաղաղության պայմանագրի շրջանակում եւ մեր անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից։ Այն, ինչ արվում է այսօր՝ առանց թմբկահարելու, առանց ավելորդ լարվածություն առաջացնելու։ Իսկ լարվածության օջախը մնում են տելեգրամյան ալիքները եւ հետախուզական լրատվական կառույցները»,- հավելեց Քոչարյանը։
Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետեւ Հայաստանի կառավարությունը եւ Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։ «Շատ բնական է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետեւ 1990-ական թվականներին ունեցել է անհաջողություններ՝ պարտության տեսքով։ Հետո ինքը 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություն հաղթանակի տեսքով, եւ հիմա անհանգստություններ են, թե ապագայում ինչ է լինելու։ Բայց մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է։ Մենք էլ ենք անհանգստացած այն մեծածավալ սպառազինության ձեռք բերման հարցերով, որն Ադրբեջանն իրականացնում է։ Եվ եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, ոչ թե կկանգնեին բանկա-բութուլկեքի հետեւում»,- հավելեց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ