Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, անդրադառնալով այս իշխանություններին, ասել էր, որ նրանք կարող են մնալ, բայց պետք է ապաշխարեն։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ իշխանությունը պատրա՞ստ է ապաշխարել։
«Նախ պետք է հասկանանք՝ իսկ պարոն Աջապահյանը եւ էլի որոշ հոգեւորականներ իրենք պատրա՞ստ են ապաշխարել, իրենց ապաշխարելուց հետո նոր կարող ենք խոսել այլ ապաշխարման գործընթացներ ձեւավորելու մասին։ Բայց ես կուզեմ, որ լսենք հենց իրենց ապաշխարելու մասին՝ Աջապահյանի, Գալստանյանի, Պողոսյանի եւ այլն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հավելեց․ «Բայց սրբազանների մեջ կան շատ արժեքավոր հոգեւորականներ, որոնք, իմ կարծիքով, ապաշխարելու կարիք չունեն։ Այ նրանք այդ թեմաներով չեն խոսում։ Խոսում են նրանք, ովքեր իրականում պետք է ապաշխարեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. 168.am-ը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ինչ մեղք է գործել, որ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս ապաշխարել։
Միքայել սրբազանը նախ պատասխանեց, որ, ի տարբերություն ՔՊ-ականների, ինքն ամեն օր ապաշխարում է։
«Եթե իրենք ուզում են կոնկրետ որևէ մեղք ցույց տան՝ թող տան, գնամ այդ մեղքի համար ապաշխարեմ։
Ես ամեն օր եմ ապաշխարում, ի տարբերություն իրենց, ես ամեն օր մեղանչում եմ։ «Մեղանչել» բառը նշանակում է մեղք գործել, այլ ոչ թե զղջալ։ Շատերը «մեղանչել» բառն օգտագործում են զղջալ իմաստով, բայց սխալ է, ուրեմն՝ ես ամեն օր մեղանչում եմ և ամեն օր ապաշխարում եմ։ Ես իրենց նման սուրբ չեմ, բնականաբար, իրենք «սուրբ» են։ Իրենց ասածով չէ, որ ամեն օր ապաշխարում եմ, բայց ապաշխարում եմ»,- նշեց Միքայել սրբազանը։
Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ ՔՊ-ական երիտասարդին՝ Արթուր Հովհաննիսյանին, առհասարակ չի ճանաչում, իսկ Անդրանիկ Քոչարյանի դեպքում կարող է ուղղակի զարմանալ, թեպետ, ըստ նրա՝ ՔՊ-ականներից որևէ մեկի արածի վրա չպետք է զարմանալ, քանի որ անսկզբունք մարդիկ են։
«Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ ասեմ, նրան Գյումրիում լավ են ճանաչում։ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն։
Իսկ եթե Անդրանիկ Քոչարյանն ինձ բան ուներ ասելու, թող այն ժամանակ ասեր, երբ ինձ հարգալից բարևում էր, հիմա հեռվից հեռու ի՞նչ է ասում»,- եզրափակեց Միքայել սրբազանը։