Պատմական «շրջայց» քանդման, հետագա գործողությունների վերաբերյալ
2012 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածեց հայտարարություն, տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15:30-16:30-ի սահմաններում, պիտի իրականացվեին Կրկեսի շենքի պայթեցման աշխատանքները:
«Առավոտը» կցուցադրի կրկեսի հին շենքի պայթեցումը». արդեն վաղ առավոտյան մենք տեղեկացրինք այդ մասին:
Կարդացեք նաև
«Մեր քաղաք»-ը նախաձեռնությունը հանդես եկավ հաղորդագրությամբ. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ելնելով
1.իշխանությունների նկատմամբ ձեւավորված անվստահության մթնոլորտից,
2.նախկինում իրականացված անօրինական գործողություններից (Մաշտոցի պուրակում բուտիկների տեղադրում, տեղադրման աշխատանքների իրականացում գիշերով, Նալբանդյան 106-ի ծառերի հատում, ԱՕՔՍ-ի շենքի հետնամասի ապամոնտաժում, Հին Երեւան նախագծի շենքերի «ապամոնտաժում» եւ ապամոնտաժված շենքերի քարերի անհայտացում եւ այլն),
3.կրկեսի վերակառուցման աշխատանքների աստիճանաբար իրականացումից (թվում է, թե քաղաքացիների «աչքերին սովորեցնում են» Կրկեսի շենքի չլինելը),
4.ապամոնտաժման մասին միայն նախօրեին երեկոյան տեղեկացնելու փաստից մեր անվստահությունն ենք հայտնում Կրկեսի շենքի շուրջ ընթացող գործընթացների եւ վերակառուցման ընթացքի վերաբերյալ եւ պահանջում ենք, որ վերակառուցման եւ վաղվա՝ սեպտեմբերի 8-ի պայթեցման աշխատանքները դադարեցվեն, իրականացվեն հանրության լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ, հանգամանալից ներկայացվի պայթեցման աշխատանքների անհրաժեշտությունը»:
«Առավոտը» հեռարձակեց Կրկեսի շենքի պայթեցման նախապահը («Կրկեսի հին շենքի պայթեցումը», «Ուղիղ միացում. Կրկեսի հին շենքի պայթեցումը»): Հիշեցնեմ, որ նախատեսված ժամին պայթյունը չկայացավ. քաղաքացի Կարեն Հարությունյանը, մտնելով կրկեսի դարպասներից ներս, պահանջում էր իրեն ցույց տալ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նախատեսվել է իրականացնել պայթյունը («Քաղաքացին չի թողնում պայթեցնել շենքը»): Ոստիկանների աշխատակիցները փորձում էին հեռացնել քաղաքացուն` պահանջելով, որ նա սպասի մինչեւ երկուշաբթի եւ թույլատրությունների փաստաթղթերը պահանջի Երեւանի քաղաքապետարանից: Ի վերջո, քաղաքացին հեռացել է` ստանալով խոստում ԱԻ նախարարության Երեւանի փրկարար վարչության պետ, գնդապետ Միշա Ղազարյանից, որ իրեն կներկայացվեն փաստաթղթերը։
Կրկեսի շենքը պայթեցվեց ավելի քան երկու ժամ նախատեսվածից ուշ: Ըստ ԱԻՆ-ի` ուշացման պատճառն էին «պայթուցիկի հետ կապված տեխնիկական խնդիրները»:
Կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել 2015թ. դեկտեմբերի 31-ին, իսկ 2016թ.-ին կրկեսը պետք է աշխատողների հետ կնքեր պայմանագրեր…
Գրեթե ամեն օր անցնելով կրկեսի կողքով՝ մի բան պարզ էր գոնե ինձ համար, որ շենքն արդեն 2017-ից «ոտի» վրա է, կանգուն դեռ այդ ժամանակվանից, մի քանի անգամ փոխվեց պատուհանների արտաքին ձեւավորումը:
Ներսում աշխատանքները դեռ ավարտված չեն…
2020 թվականի մայիսի 26-ին «Առավոտը» տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության նիստում որոշվել է «Երեւանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներել պայմանագրով ստանձնած 7.200.000 դրամի ներդրումային պարտավորությունների չկատարումը: Ընկերությունը ստանձնեց նոր պարտավորություն՝ շենքի շինարարական աշխատանքները 2020 թվականի փոխարեն ամբողջությամբ ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն:
2021 թվականն էլ անցավ…
Նշեմ, որ շենքում շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին՝ քաղաքապետարանի ու «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ կնքված համաձայնագրով։ «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ն ստանձնել էր 650 մլն դրամի ներդրումային պարտավորություն, որի շրջանակներում ընդամենը հիմնանորոգում պետք է իրականացվեր, սակայն ընթացքում որոշվեց նոր շենք կառուցել, իսկ հինը քանդել։ Ներդրումային գումարը հասավ մի քանի մլրդ դրամի։
«Տաշիր գրուպը» մի անգամ տուգանվեց՝ ներդրումների թերակատարման համար, 80 մլն դրամով։ Իսկ կառավարությունն ամեն անգամ նոր որոշումներ էր ընդունում, նոր ժամկետներ հաստատում:
2023 թվականին «Առավոտին» Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը հավատացրել էր, որ մյուս տարի, ասել է թե՝ 2024 -ին կրկեսը հարյուր տոկոսով կբացվի, մնում է միայն ներքին հարդարման աշխատանքները. «աթոռները ճանապարհին են, արդեն տեղ են հասնում»: Իսկ «Երեւանի կրկես» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանն էլ «Առավոտին» 2019թ. օգոստոսի 24-ին ասել էր. «Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2350 նստատեղ՝ նախկին 1563-ի փոխարեն։ Թեեւ արտաքին բարեկարգման աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն ներքին հարդարման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են գտնվում»:
Կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ կրկեսը դռները կբացի 2025 թվականի մայիսին:
Այս տարիներին հասցրել են կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը տեղափոխել մուտքից հեռու՝ այգուն կից, նոր շենքի ստորգետնյա երկու հարկերը պատրաստ են, հիմա էլ ասում են, թե 8 հարկանի կրկեսի շինարարության ավարտը նախատեսված է 2026 թվականի ավարտին։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2024