Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկին թեժ աշուն է սպասվում

Սեպտեմբեր 16,2024 12:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը: Արդեն 16 տարի է, ինչ համերգաշրջանը բացվում է Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որը հիմնադրել են նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին:

 

Փառատոնի այս տարվա գեղարվեստական համաղեկավարն է միջազգային երաժշտական մենեջեր Հարոլդ Քլաքսընը:

Բացման համերգին որպես մենակատար հանդես եկավ մեր օրերի լավագույն ջութակահարներից Արաբելլա Շտայնբախերը:

Գերմանացի ջութակահարուհին կատարեց իր հայրենակցի՝ Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը: Նա անմիջապես գերեց հայ հանդիսատեսին իր նրբագեղ բեմական կեցվածքով եւ նույնքան նրբագեղ ու խորը մեկնաբանությամբ:

Նրա ձեռքերում Անտոնիո Ստրադիվարիուսի 1718-ին Կրեմոնայում կերտած ջութակը, որը հայտնի է «ex Benno Walter» անունով, հնչում էր համոզիչ եւ փայլեց Շտայբախերի կատարողական վարպետության բոլոր գույներով:

Մեզ հետ զրույցում Շտայնբախերը նշեց, որ երջանիկ է կրկին Երեւանում հանդես գալ մոտ տասը տարվա ընդմիջումից հետո: Նա առաջին անգամ է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի եւ Էդուարդ Թոփչյանի հետ, սակայն առաջին իսկ նոտաներից նրանք ձուլվեցին հարմոնիկ եւ շատ գեղեցիկ հնչողության մեջ: «Բեթհովենի կոնցերտը ջութակահարների համար «սրբազան» ստեղծագործություն է, այն բավականին մեծ գործ է, կարծես մի մարդու ողջ կյանքը լինի այնտեղ ամփոփված: Այն հագեցած է լայնաշունչ երաժշտական գծերով, հատկապես առաջին բաժնում, երկրորդ բաժնում նվագախումբը կարծես հրեշտակների երգչախումբ լինի մենակատարի ետեւում, այն աստվածային հնչողություն ունի, իսկ երրորդ մասն ավելի պարային է եւ վիրտուոզ՝ համեմված Ֆրից Կրայսլերի կադենցիաներով: Այս կոնցերտն ուղղակի գլուխգործոց է, այն շատ մոտ է իմ սրտին»,- հավելեց Արաբելլա Շտայնբախերը:

Համերգին հնչեց մեզ մոտ հազվադեպ կատարվող Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից, որը նվիրված էր կոմպոզիտորի 200-ամյակին եւ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը: Սիմֆոնիկ կտավներում նվագախումբը նույնպես փայլեց կատարողական վարպետությամբ՝ պարգեւելով հանդիսատեսին անմոռանալի երաժշտական տոնախմբություն:

Այս տարվա հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, Համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Ինգո Մեցմախերը, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Իլյիչ Ռիվասը (դիրիժոր) եւ այլք:

Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ինչպիսիք են Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Մարեկ Կեպրտը եւ Լուբոշ Ֆիշերը: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից, փառատոնի ընթացքում կհնչի նաեւ կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի եւ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:  Ծրագրված են մի շարք հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաեւ հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:

Փառատոնի ընթացքում՝ սեպտեմբերի 19-23-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հյուրախաղերով կմեկնի Սլովակիա եւ Ավստրիա: Սլովակիայում մի շարք անվանի նվագախմբերի հետ մեր նվագախումբը կմասնակցի «Բրատիսլավայի երաժշտական փառատոն»-ին, իսկ Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում, որը Եվրոպայի կարեւորագույն դահլիճներից է, հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով, որտեղ կկատարի Բրուքների 9-րդ սիմֆոնիան: Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարեւոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են: Մաեստրո Թոփչյանի պնդմամբ, Ֆիլհարմոնիկը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում այդ համերգներին, դե իսկ մենք մաղթում ենք հաջող ելույթներ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30