Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենցը թողած՝ աչքը տնկած ուրիշի երկրին

Սեպտեմբեր 16,2024 12:00

Թվիթերյան սոցցանցում «Ադրբեջանի մշակույթ» հավելվածը տեղադրել է Տավուշի սբ. Աստվածածին եկեղեցու լուսանկարն ու գրառել. «Տաճարը կառուցվել է Կովկասյան Ալբանիա պետության օրոք։ Պատկանում է V-VIII դդ.։ Այն գտնվում է Ղազախի շրջանի Աշաղի Ասկիպարա գյուղում։ Կոթողի պատմությունը համընկնում է ալբանական պետության հետ (Ք.ա. III հազարամյակ)»։

Հայոց Ոսկեպար գյուղի «Ասկեպարացումը» յուրահատուկ է թուրքերին, որոնք սեփականացնում են բնիկ ժողովուրդների ոչ միայն բնակավայրերի, այլեւ լեռների, գետերի, մագագետինների, լճերի, հուշարձանների անունները, քանի որ տարածքների նվաճումը սկսում են անվանափոխությունից։ Չնայած այսպես կոչված ՝ սահմանագծման հետեւանքով եկեղեցին մնացել է հայկական տարածքում, սակայն արցախյան տասնյակ վանքերն ու հարյուրավոր եկեղեցիներն «աղվանացնելուց» հետո, Բաքվի մահմեդականների ախորժակն ավելի է բացվել։

XIII դ. կեսին Չինգիզ խանի թոռ Գուլագ խանը միջինասիական անապատներից հավաքեց քոչվորների շուրջ 100 հազար ընտանիք եւ քշեց բերեց Իրանի հյուսիս՝ Ատրպատական, որը նշանակում է «Կրակի երկիր»։ Արաբները, VII դ. նվաճելով Իրանը, հյուսիս-արեւմտյան երկրամասի անվանումը հարմարեցրել էին իրենց լեզվին եւ կոչել «Ազարբայջան»։ Երկրամասի նման անվանումը եւս հարմար էր թուրքերենի բարբառով խոսող քոչվորներին։ Իսկ Մեծ Հայքի Հյուսիս արեւելյան Առան երկրամասը սկսեցին թափանցել XVII դարում՝ Ակ Կոյունլու եւ Կարա Կոյունլու ցեղերի միջեւ պատերազմներով, ավերի ենթարկելով Արցախն ու Ուտիքը։

Ինչ վերաբերում է Կովկասյան Ալբանիա–Աղվանք եզրույթին, ապա նրա 27 ցեղախմբերը երբեք հավաքական մշակույթ, լեզու, ինքնություն չեն ունեցել։ Այդ ցեղերից յուրաքանչյուրը խոսում է ի՛ր լեզվով, ուներ իր առաջնորդը կամ թագավորը։ Նրանք միավորվում էին դեպի Հայաստան, Վրաստան ու Իրանի Ատրպատականի մարզ թալանի նպատակով։ Պարբերական ասպատակությունների դեմն առնելու համար Հռոմն ու Իրանը անտիկ շրջանից սկսած հայկական մի զորագունդ էին պահում Կասպիականի անցքում՝ Ճորա պահակ (Դերբենտ) վայրում։ Աղվանքը Պարսից մարզպանություններից մեկն էր ու, ինչպես հաստատում է հույն աշխարհագետ ու պատմիչ Ստրաբոնը (մ.թ.ա. 63-մ.թ. 24 թթ.), Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նախարարություններից սահմանազատվում էր Կուր գետով։ Հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը 415 թ. Արցախում եւ Ուտիքում հայոց դպրոցներ բացելուց հետո անցնում է Կուր գետն ու բնիկ մի ցեղախմբի՝ կոկորդախոս գարգարների համար 52 նշաններով գրեր ստեղծում։ Այն նպատակ ուներ այդ գրերը ընդհանուր դարձնել աղվանից ժողովուրդների համար, ավելի քաղաքակիթ դարձնելով՝ վերացնել ասպատակությունները։

Ըստ երեւույթին, մարզպանությունը չլուծեց լեռնցիների հարձակումների հարցը։ Պարսից Սասանյաններն այլ կերպ լուծեցին խնդիրը։ 256 թ. Հայոց Խոսրով թագավորի դավադիր սպանությունից հետո, օգտվելով անիշխանության ու խառնափոթ իրավիճակից, Սասանյան Շապուհ I արքայից արքան (201-273 թթ.) Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգները միացնում է Աղվանից մարզպանությանը, մարզպանին զուգահեռ հիմնում վասալ թագավորություն, կայսրության կենտրոն Տիզբոն կանչում Արցախի Ջրաբերդի ազդեցիկ իշխան Քաջ Վաչականին, կնության տալիս իր դստերը, ապա եւ թագադրում, ուղարկում կառավարելու իր երկիրը։

Արցախի եւ Ուտիքի հայությունը 319 թ. քրիստոնեություն ընդունելով, չնայած պարսից արքաների ջանքերին, մերժում է Զրադաշտական կրոնը, դրանով իսկ ոչնչացումից փրկում իր ինքնությունն ու մշակույթը։ Աղվանից թագավոր Վաչական Բարեպաշտը հիմնում է հայկական դպրոցներ, ընդունում Սահմանադրական կանոններ, որոնք համապատասխանում են Մեծ Հայքում տարածված օրենքներին։ Պարսից արքայից արքաներին ենթակա Աղվանից թագավորությունը փաստորեն հայկական երկրորդ պետականությունն էր։ Վաչականյան տան 11 թագավորները Աղվանքում տիրել են 276 տարի։ Վաչականյանները թագավորում են մինչեւ 528 թ.՝ Կավատ արքայից արքայի ձեռքով Վաչական Գ Բարեպաշտ թագավորի եղերական մահը։ Աղվանքի հայ թագավորին չներեց իր եղբորը՝ Արքայից արքա Ջամասպին ապաստան տալու համար։ Կավատը սպանեց նաեւ Ջամասպին։

Հայոց եկեղեցին Աղվանից եկեղեցուն իրեն ենթակա կաթողիկոսության կարգավիճակ շնորհեց, հեռահար նպատակ ունենալով նրա միջոցով քրիստոնեությունը տարածել ու ամրապնդել Կուրի ձախակողմյան տարածքներում ապրող 27 ժողովուրդների շրջանում։ 501-515 թթ. Արցախի Գլխո վանքի եպիսկոպոս Քարդոստը Կասպիականի արեւմտյան ափերին հաստատված Հոների իշխանաց իշխան Զիլիգդի հրավերով մեկնում է նրանց Վարաչան կենտրոն (այն հեռու չէ այսօրվա Դաղստանի Բույնակսկ քաղաքից), յոթ տարում ստեղծում նշանագրեր նրանց համար, հաջորդ յոթ տարիներին այդ նշանագրերով Սբ. Գիրքը թարգմանում հոներեն։ Այս թափառական ու ասպատակիչ ժողովուրդը եւս չի կարողանում պահպանել գրերը։ Արցախցի եպիսկոպոսին հովանավորում էր Բյուզանդիայի կայսր Ֆլավիուս Հուստինիոսը, որը երեսուն ջորիներով ուղեբեռ է ուղարկում Վարաչան՝ Քարդոստին։ Ուղեբեռի մեջ, եկեղեցական, դպրոցական պարագաներ էին, ինչպես եւ մթերք, ցորեն։ Այս ամենի մասին մանրամասն տեղեկություն կա Բրիտանական Հանրագիտարանում։

Թուրքիան ոչ մի կերպ չէր հանգստանում հայերի 1915 թ. ցեղասպանությամբ։ 1918 թ. օսմանյան բանակը Գանձակ տեղափոխեց Թիֆլիսում կազմավորված թուրք-թաթարական կառավարությունը, ապա գրավելով Բաքուն, վերջնականորեն հաստատեց այստեղ՝ անվանելով այն «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն»։ Սա թուրքերի կողմից ռազմավարական նշանակության քայլ էր, նպատակ ունենալով հետագայում երկու Ադրբեջանների վերամիավորումը։ Իրանից թույլ դժգոհության ձայներ էին լսվում, սակայն նրանք ի վիճակի չէին որեւէ կերպ խանգարելու այս փոփոխությանը։ Բոլշեւիկները դեմ չէին նման ծրագրին, մտածելով, որ արհեստածին այս կազմավորման միջոցով կընդարձակեն իրե՛նց կայսրության տարածքը։ Նրանք հայերի ու թուրքերի ցանկացած վեճ լուծում էին հօգուտ թուրքերի։ Ղա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղ-Արցախն ու Նախիջեւանը, որոնք հազարամյակների խորքից բնակեցված էին հայերով, հանձնեցին Ադրբեջանին։ Սյունիքը մեծ դժվարությամբ մնաց Հայաստանի կազմում։ Իսկ Արցախի ամբողջ հյուսիսային եւ արեւմտյան հատվածը՝ պատմական Արցախի 3/4 մասը հայկական հարյուրավոր գյուղեր կտրեցին, դուրս թողեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից։

Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնք արդեն կորցնում էին իրենց ինքնությունն ու մշակույթը, հույսերը կապում էին հայերի հետ։ Սակայն այս հարցում եւս Կրեմլը Ադրբեջան վարչատարածքային կազմավորման տիրապետող ժողովրդի՝ թուրքա-թաթարական ցեղերի կողմն էր։ 1991-1994 թթ. թուրքերի սանձազերծած պատերազմում հաղթեցին հայերը։

Հազարամյակներից եկող հիշողությունն է, որ Արցախի ժողովրդի մեջ արթուն է պահում թուրքական կամ ցանկացած այլ բռնաճնշումից ազատագրվելու ձգտումը։ 1988-ի ապստամբությունը Ադրբեջանի ու ԽՍՀՄ դեմ պսակվեց հաջողությամբ։ Ազատագրված տարածքում հիմնվեց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետութունը, որը գոյատեւեց մինչեւ 2022 թ.։

Քանի որ դեպի արեւմուտք Օսմանյան կայսրության վերստեղծումը անհնար էր, Թուրքիայի առաջնորդները հայացքները ուղղել են դեպի արեւելք՝ Միջին Ասիա, Սիբիրի ընդարձակ տարածքներ։ Իրանից Ատրպատական-Ազարբայջանի մարզի նվաճման հարցը ձգձգվում է, ուստի թույլ տեղը մնում է Արցախով ու Սյունիքով ճանապարհ ստանալը։ Բաքվի իշխանությունները Թուրքիայի օգնությամբ համատեղ ուժերով նվաճեցին Արցախը։ Նրանց օժանդակում էին Պակիստանն ու Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական ահաբեկչական կազմավորումները։ Քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի առաջ նորից տեղի ունեցավ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն։ Նոր եղեռնից մազապուրծ Արցախի հայությունը գաղթեց Հայաստանի Հանրապետություն, որի ներկայիս առաջնորդները հրաժարվեցին օգնել արցախցիներին ու Արցախը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։

Սակայն թուրքերը իրենց բավարարված չեն զգում։ Քանի դեռ Հայաստանում թուրքամետ իշխանություն է հաստատված, նրանք շտապում են շահել առավելագույնը։ Հայաստանի Հանրապետությունը իր մայրաքաղաքով հայտարարեցին ուրպես «Արեւմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մաս-մաս տարածքներ էին նվաճում Հայաստանից։ Նրանք սպասում են Հայաստանում քաղաքացիական պատերազմին ու ներքին քայքայմանը, որը հնարավոր կդարձնի բռնակցումը Ադրբեջանին։

Ըստ երեւույթին, Բաքվում թուրքական վերնախավի համար Աղվանք-Կովկասյան Ալբանիա եզրույթի ժառանգորդ համարվելը հենց Արհեստածին Ադրբեջանի տարածքում լուրջ տապալման է ենթակա, քանի որ բնիկ ժողովուրդները՝ լեզգիները, ավարցիները, թալիշները, թաբասարները, ծախուրները, Արցախի եւ Ուտիքի հայերը, որոնք ապրում են իրենց հայրենի երկրներում, իրենց են համարում Կովկասյան Ալբանիայի իսկական ժառանգները։ Իսկ եկվոր թուրքական ցեղերի հայրենիքը Լեռնային Ալթայն է։

Սակայն ահա Բաքվի վայ-գիտնականները նոր գաղափար են «հայտնաբերել». իրենք մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ապրած կիմեր ժողովրդի ժառանգներն են։ Իսկ դրանից առաջ հայտարարեցին, որ ադրբեջանցիները իտալացիների նախիներն են։ Մ. թ.ա. V դ. հույն պատմիչ Հերոդոտոսի (484-425 մ.թ.ա.) վկայությամբ կիմեր ժողովուրդը Հարավային Կովկասից Ղրիմ են գաղթել, ապա նեղվելով սյութներից, վերադարձել են, հաստատվել Հայկական լեռնաշխարհում։ Իսկ նրանց թուրք լինելու մասին, կամ ընդհանրապես, թուրք ժողովրդի գոյության մասին ոչինչ հիշատակել չէր կարող, քանի որ Լեռնային Ալթայից նրանք դեպի Արեւմուտք են շարժվել միջնադարում թալանի իրենց ճանապարհը փակող չինական պարսպի պատճառով։ Հերթական անգամ կեղծելով պատմությունը, կրկին թյուրիմացության մեջ են գցում սեփական ժողովրդին։ Ես եղել եմ թուրքերի նախահայրենիքում. գետեր, լճեր, մարգագետիններ, լեռներ. ամեն ինչ կա ոչխար պահելու համար…

Հավակնելով եղեռնից փրկված Հայաստանի այս մի փշրանք պետության տարածքը, պատրաստվում են իրենց «հայ» հայտարարեն ու «ապացուցեն», որ հայերի հազարամյակների խորքից եկող ինքնությունը, մշակույթը թուրքերինն է, ուղղակի հայերը ժամանակին քշել են նրանց Կովկասից։ Եվ ահա թուրքական միացյալ ուժերով նվաճելով Արցախը, այսօր առաջին հերթին վերացնում են հուշարձանները։ Քանդեցին գրող եւ ազգային գործիչ Խաչատուր Աբովյանի արձանը։

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 Արձակագիր, գեղանկարիչ,

«Շուշի» ԲՀ տնօրեն  

«Առավոտ» օրաթերթ
14.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30