Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն Արցախի իշխանությունների դեմ պայքարում է ավելի հետեւողական, քան Ադրբեջանի իշխանությունները. իրենք չեն որոշողը՝ Արցախը կա, թե չկա»

Սեպտեմբեր 16,2024 14:30

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը։

– Պարոն Թավադյան, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախը լուծարված է։ Անցնող շաբաթվա ընթացքում տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, թե Արցախի Հանրապետությունն իբր գոյություն չունի, եւ Արցախի պետական ինստիտուտները չեն կարող շարունակել իրենց գործունեությունը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Իրենք չեն որոշողը՝ Արցախը կա, թե չկա։ Այստեղ այն հարցն է, որ Հայաստանի իշխանությունները թրքահաճո ու ադրբեջանահաճո հայտարարություններ են անում։ Ես կարծում եմ, որ դա իրենց առաքելությունն է, իրենք ամբողջովին լծված են այդ գործին։ Դա իրենք արդեն չեն էլ թաքցնում, բացեիբաց ասում են։ Բայց վարչապետի կամ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող որեւէ անձ չի կարող որոշել՝ Արցախը կա, թե չկա։ Արցախի իշխանություններն Արցախի ժողովրդի կողմից ընտրված են, կա ընտրված Ազգային ժողով, որն առ այսօր գործում է, ոչ ոք դա չի լուծարել։ Եվ Արցախի պետական ինստիտուտները գոյություն կունենան մինչեւ Արցախի Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ավարտը։ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի կողմից այդ մասին արդեն հայտարարություն եղել է, ինչը ողջունելի է։ Արցախի իշխանությունները պետք է խոսեն, թաքնված կամ վախվորած դիրք չպետք է ընդունեն։ Պետք է ասեն՝ մենք կանք, գործում ենք։ Այո, բոլորիս հայտնի պատճառներով այսօր գուցե հնարավորություն չկա նրանց կատարած աշխատանքն ի ցույց դնելու, բայց այդ ինստիտուտները կան, ոչ ոք չի լուծարել։

Եթե Հայաստանի իշխանությունները հղում են անում Արցախի նախագահի գոյություն չունեցող հրամանագրին, դա իրենց մանիպուլյացիոն գերծելաոճն է։ Ես եւ շատ արցախցիներ միանշանակ կցանկանայինք տեսնել ավելի ակտիվ ու գործուն գործողություններ Արցախի իշխանությունների կողմից, որովհետեւ մենք կարծում ենք, որ նրանք էլ անելիք ունեն՝ թե սոցիալական աջակցության ծրագրերի, թե բնակարանային հարցերի հետ կապված։ Այդ իշխանություններն են ընտրված Արցախի ժողովրդի կողմից եւ տիրապետում են բազմաթիվ նրբությունների, տեղեկությունների, որոնց Հայաստանի իշխանությունները կարող են տիրապետել։ Հետեւաբար, ճիշտ կլիներ Արցախի իշխանություններին ներգրավել նաեւ սոցիալական եւ բնակարանային ծրագրերին, բայց, ինչպես տեսնում ենք, Արցախի իշխանություններին սոցիալական բաղադրիչին մասնակցելուց էլ են զերծ պահում։

– Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հստակ հայտարարել է, որ իր հրամանագիրն ուժի մեջ չէ, ավելին, ասել է, որ չեղարկել է այն։ Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսպես ջանասիրաբար հղում կատարում գոյություն չունեցող այդ գրությանը։ Եվ ընդհանրապես մեկ մարդու որոշմամբ հնարավո՞ր է չեղարկել որեւէ հանրապետություն։

– Նախագահի հրամանագրով պետություն չի լուծարվում։ Դա ոչ միայն իրավաբաններին է քաջ հայտնի, այլ ցանկացած տրամաբանող անձ հասկանում է, որ մեկ անձի հրամանագրով պետություն չի լուծարվում։ Երկրի մայր օրենքը Սահմանադրությունն է, իսկ Սահմանադրության մեջ նման դրույթ չկա, որ նախագահը կարող է վեր կենալ ու հրամանագիր ստորագրել, որ պետությունը լուծարվում է։ Պետության ստեղծումը ժողովրդի կամքի արտահայտությունն է, եւ մենք գիտենք, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով իր դիրքորոշումը եւ կամարտահայտությունն արտահայտել է։ Այդ հրամանագիրը, եթե նույնիսկ եղել է, ապա ի սկզբանե անօրինական է եղել եւ որեւէ իրավական հետեւանք ունենալ չէր կարող։ Արցախի նախագահը բացատրել է, թե ինչ պայմաններում է նման հրամանագիր ստորագրել։ Բացի դա, այդ հրամանագիրը ստորագրվել է, բայց չի հրապարակվել, այնինչ, ցանկացած իրավական ակտ պետք է հրապարակվի։

Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ մենք պարտված կողմ ենք, որոշակի խնդիրներ ունենք մեր թշնամիների հետ։ Եվ նաեւ այդ ուղղությամբ է ճնշում գործադրվում, որ Արցախը՝ որպես սուբյեկտ, որեւէ ձեւով չհիշատակվի։ Հայաստանի իշխանությունը, ՔՊ-ն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու քաղաքականություն է  որդեգրել եւ Արցախի իշխանությունների դեմ պայքարում են ավելի հետեւողական, քան Ադրբեջանի իշխանությունները։ Սա ակնհայտ է, եւ ես սա ոչ այլ ինչ, քան թշնամանք կբնութագրեի Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ։ Իրենք իրենց համարում են ժողովրդի կողմից իբրեւ ընտրված իշխանություն, բայց մենք համոզված ենք, որ ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությունն այդ հարցում չի կիսում նրանց կարծիքը։

– Ալիեւն, այսպես կոչված, «ադրբեջանցի փախստականների» համար «վտարանդի կառավարություն» է ստեղծում, իսկ Հայաստանի իշխանություններն Արցախի գոյություն ունեցող պետական ինստիտուտները փորձում են ոչնչացնել։ Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը։

– Դեռեւս 1994 թվականի պատերազմի ավարտից հետո այդ հարցն Ադրբեջանի արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցն էր՝ իրենց բնութագրմամբ «իրենց հողերի ազատագրումը»։ Իրենք ունեին եւ պատգամավորներ, եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, որոնց կոչում էին «Ղարաբաղի պատգամավոր»։ Այսինքն՝ թեկուզ ձեւական, բայց դա պահում էին, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ միջազգային հարաբերություններում այդ սուբյեկտայնությունը պետք է պահեին։ Եվ իրենք հասել են իրենց նպատակին, ոչ միայն ռազմական, այլ նաեւ դիվանագիտական առումով։

Հայաստանի իշխանությունները, եթե ոչ հրապարակային, բայց երկրի ներսում պետք է գոնե Արցախի իշխանությունների հանդեպ այդ լոյալությունը պահեին։ Եվ պետք է  թույլատրեին, որ այդ մարդիկ թեկուզ ընդհատակյա որոշակի գործունեություն իրականացնեին եւ փորձեին իրենց նպաստն ունենալ արցախահայության խնդիրների լուծմանը։ Բայց, ոչ, տեսնում ենք, որ բոլոր հնարավոր եղանակներով գործում են, այդ թվում՝ տեսանք, թե ինչ ինտենսիվությամբ էին լծված համայնքապետերին չեզոքացնելու գործին։ Համայնքապետերը կարող էին սոցիալական խնդիրներ լուծել, բայց նրանց մեկուսացնում են եւ հնարավորինս կտրում ժողովրդից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30