Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 16,2024 10:45

«Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա փաստեց՝ այդ համաձայնագրով, ըստ էության, երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմաթայի հռչակագրի հիման վրա՝ մի փաստաթուղթ, որով սահմանված էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև։

Արարատ Միրզոյանը ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները համարեց առանձնաշնորհյալ ու ասաց․ «Այդ հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ՝ իսկապես ամուր բարեկամությունը մեր ժողովուրդների միջև»։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ժողովրդավարության և ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հարցում Ֆրանսիայի ամուր աջակցությունը․ «Արդեն պաշտոնապես ԵՄ-ի հետ մեկնարկեցինք վիզաների ազատականացման մասին երկխոսությունը, ՀՀ-ն կստանա աջակցություն խաղաղության գործիքի ներքո, արդեն երկու տարուց ավելի է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը դիտարկման է ենթարկում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Միայն երկկողմ օրակարգով չէ, որ սահմանափակվում է մեր գործընկերությունը»։

Խոսելով Ֆրանսիայի դերակատարության մասին տարածաշրջանային կայունության հարցում, Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ-ի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Մենք փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցված տեքստն է։ Նորից եմ ուզում նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին, խաղաղության հաստատմանը»։

Ֆրանսիացի լրագրողի հարցին՝ արդյոք ֆրանսիական ներքաղաքական իրավիճակը Ձեզ մտահոգո՞ւմ է, ինչը կարող է նվազեցնել Ֆրանսիայի ազդեցությունը Եվրոպայում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Մենք ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք, որ Ֆրանսիայի ժողովուրդն ու քաղաքական ուժերը միշտ ունեն բավարար իմաստնություն գտնել ճիշտ ու ողջամիտ լուծումներ։ Ինչպիսիք էլ դրանք լինեն, քանի դեռ ամբողջովին դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին, բխում են պարոն նախարարի առաջարկած սկզբունքներից, որոնք ժամանակին Ֆրանսիան առաջարկել և վարակել է ողջ աշխարհին՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, իսկ ես վստահ եմ, որ Ֆրանսիան կընթանա այդ ուղով, ուստի մենք միշտ այստեղ կարող ենք ավելի հանգիստ լինել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30