Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Հունգարիայում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում փայլուն հաղթանակ տարավ Չինաստանի ուժեղ ընտրանու նկատմամբ՝ 2,5:1,5:
Հաղթանակն ապահովեցին առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը՝ չորրորդ խաղատախտակ: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց, իսկ Մարիամ Մկրտչյանը, ցավոք, այս անգամ պարտվեց:
Ներկա պահին միայն երեք հավաքական թիմային պարտություն չի կրել. Հնդկաստան, Հայաստան եւ Մոնղոլիա, որոնք էլ նույն հաջորդականությամբ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալու է վեցերորդ տուրը, որում միմյանց դեմ են ելնելու Հայաստանն ու Հնդկաստանը:
Կարդացեք նաև
Բուդապեշտում երեկ հաղթանակ տարավ նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը բաժանեցին, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց մրցակցին:
Այսօր մեր տղաների մրցակիցը Ֆիլիպիններն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ