Aravot.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը
-ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում խոսելով հանրակրթության նոր չափորոշիչներից՝ դրանք ներկայացրեց իբրեւ առաջընթացի եւ որակի գրավական, Ձեր կարծիքով արդյոք դրանք մեծ ձեռքբերո՞ւմ են: Խնդրում եմ այս թեմային անդրադառնալ Հանրակրթության մասին օրենքի համատեքստում:
-Ցավոք սրտի հանրակրթությունը վերածվել է պերմանենտ փորձարկումների դաշտի, ուր «բարեփոխում» հնչեղ բառի ներքո համակարգը շարունակական ցնցումների է ենթարկվում։ Ես բոլորովին հակված չեմ պնդելու, թե օրենքները սեպագիր արձանագրություններ են, որոնք ենթակա չեն փոփոխության, ոչ էլ կհերքեմ բարեփոխման անհրաժեշտությունը։ Սակայն դրանք պիտի լինեն հավասարակշռված, ողջամիտ և բխեն հանրակրթության լավագույն շահից և ոչ քաոսացնեն համակարգը։
«Մասնակցային ժողովրդավարություն» հայտարարված մեր ժամանակներում բախվում ենք նախարարության հիմնականում անպտուղ և չհիմնավորվող համառության հետ, որն իրականում բովանդակային և որակական բարեփոխման հետ որևէ առնչություն չունի։
Կարդացեք նաև
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որն, իմ համոզումով, կրթության ոլորտում սահմանադիր արժեք ունի, 2018-ից մոտ տասը փոփոխությունների եւ լրացումների է ենթարկվել։ Երբ 2022 -ին պնդում էինք, թե փոփոխությունները հիմնավորված չեն, ցնցումային են, բախվում էինք նախարարի մերժողական համառությանը։
Հիմա` 1.5 տարի անց, այդ նույն հոդվածների մասով նախագիծ է շրջանառվում․․․ Այսքան ռեսուրս փչացնել, անմշակ նախագծեր բերել, չինական պատի համառությամբ մնալ անդրդվելի, հետո անդրադառնալ․․․ Սա համատարած աշխատաոճ է։
Էլ չեմ խոսում որոշ նախագծերում արձանագրվող իրավական մտքի ամլության մասին, օրինակ վերջին՝ շրջանառվող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, որն իրավական մտքի այնպիսի նոնսեսներ է պարունակում, որ ԱԺ հասնելու իրավունք չպիտի ունենար։ Ոչ պրոֆեսիոնալիզմն ու անպտուղ համառությունը համատարած են, պետության հետ աղերս չունեցող։
Հիշեցնեմ մի շարք առարկաների/պատմություն, գրականություն, հայոց եկեղեցու պատմություն/ չափորոշիչների շուրջ գիտական հանրույթի հիմնավոր ընդվզումը, որը բախվեց նախարարության զրո արձագանքին, ավելի շուտ՝ չհիմնավորվող մերժումին։ Նույնը պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ․ հայոց պատմագիտական միտքը ներկայացնող շուրջ հարյուր գիտնականներ խոտանեցին Ս․ Հովհաննիսյանի դասագիրքը։ Ի պատասխան Ս․ Հովհաննիսյանը խրախուսվեց՝ նրան վստահվեց նաև 8-րդ դասարանի դասագիրքը, ինչն այս անգամ Հայաստանը գցեց միջազգային սկանդալի մեջ։
Այս վերաբերմունքն ակնհայտորեն չի բխում կրթության որակի նպատակադրումներից, եթե չասենք, որ այն բարոյական չէ, նաև՝ ապազգային։
Ի դեպ, նախարարն անցյալ տարի ԱԺ ամբիոնից հորդորեց պատմաբաններին մասնակցել մրցույթին և պատմության իրենց հեղինակած դասագիրքը ներկայացնել։ Մասնակցեցին, հեղինակելով 10-րդ դասարանի դասագիրքը, և ի՞նչ։ Նախարարությունն այն չերաշխավորեց հրատարակության։
Ինձ համար ավելի քան ակնհայտ է քաղաքական պատվերը, կանխակալ վերաբերմունքը։ Մինչդեռ 10-րդ դասարանում տվյալ առարկան ուսուցանվում է առանց դասագրքի, նախարարը մեկնաբանությամբ՝ թղթապանակով, ինչն իբրև թե նպատակաուղղված է սովորողների ստեղծագործական մտածողության խթանմանը։ Իմ խորին համոզումով սա պարզ սոփեստություն է, ձախողումը քողարկող սոփեստություն։ Այս տրամաբանությամբ կարել է ողջ հանրակրթությունը փոխադրել թղթապանակի։ Լավ, չէ որ հաստատվել են ՀՊ չափորոշիչները, որոնց վրա պիտի կազմվեն դասագրքերը։Ի դեպ, չափորոշիչների փորձարկումը Տավուշում է տեղի ունեցել եւ դեռ ներքին գնահատում է տեղի ունեցել։ Իմ կարծիքով մենք դեռ հեռու ենք ամբողջական, համակողմանի գնահատումից։
-Դասագրքերի ու ծրագրերի մասին խոսելիս նախարարն ասաց, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին դնում եք քառակուսիների մեջ, նաեւ չի կարող դպրոցը կապ չունենալ մեր իրականության հետ: Ի՞նչ կարծիքի եք այդ դիտարկումների մասին:
-Թե դասագրքի, թե ծրագրերի, թե կրթական գործընթացի պատասխանատուն իրենք են, և մեղավորության սլաքները պիտի ճիշտ ուղղել։
Իմ անվերապահ գնահատմամբ՝ «Մասնակցային դպրոց» հիմնադրամը, որը դասագրքերի պատրաստման հիմնական պատասխանատուն է, ձախողել է ողջ գործընթացը։ Ի դեպ, վերջինիս ղեկավարը իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ է։
Չմոռանանք նաև, որ առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը ապահովման պատասխանատուն լիազոր մարմինն է։
Հանրակրթական հաստատված չափորոշչին համապատասխան մի շարք դասագրքեր, որոնք օրենքի պահանջին համապատասխան, պիտի մտնեին դպրոց, այսպես էլ չեն մտել։ Այսօր առարկայական դասագրքերը, որոնք՝ երաշխավորված չլինելու պատճառով չեն մտել դպրոց՝ տասն են։ Փաստորեն ունենք նոր չափորոշիչ՝ հին դասագրքով պատկերը։ Էլ չեմ խոսում մի շարք դասարաններում առողջապահական նորմի խախտման մասին, երբ միջին դպրոցում գերծանրաբեռնվածության պատճառով դասերն 8-րդ ժամով են ավարտվում։ Սա էլ է նոր չափորոշչի և կրթական ծանրաբեռնվածության անհամապատասխանության խնդիր։
-Երբ նշանակվեց ՔՊ-ական առաջին նախարարը, նա հայտարարեց, որ կրթության ոլորտում լինելու է զրո քաղաքականություն եւ զրո կուսակցականություն, արդյոք ներկայում ոլորտի պատկերն այդպիսի՞ն է:
-Այս վարչախմբի հերթական կեղծ և ակնհայտ սուտ հայտարարությունների շարքից է։ Բոլորովին հակառակն է պատկերը։
Բուհերում կառավարման խորհուրդների ակնառու ՔՊ-ական նախագահներից մինչև դասախոսների քաղաքական զտումներն այնքան բացահայտ են։
Դասախոսական գործունեությունից մեկուսացվել են ոչ իշխանական հայացքներ ունեցող տասնյակ դասախոսներ։ Շինծու գործեր են հարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի և վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար: Այս գործընթացների հիմքում ոչ թե իրավունքն է, այլ քաղաքական տեռորը, և իմ համոզմամբ սա տեղի է ունենում նախարարության իմացությամբ: Բրյուսովն ու ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ այս պատվերի իրացման առաջամարտիկներ են։
Ցավոք, սա համակարգային, արժեքային տրանսֆորմացիա է՝ բնորոշ հանրային կյանքի բոլոր ոլորտներին: Հայաստանը երբեք քաղաքական այսպիսի փեղեկվածություն չի դիմագրավել։
-Նախարարը չմեկնաբանեց պատմաբանների հայտարարությունը՝ աղմկահարույց դասագրքի վերաբերյալ, Ձեր կարծիքով խոցելի՞ կլիներ պատասխանը, թե իրենք գործում են՝ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով:
-Նախարարության կեցվածքն այլ մեկնաբանության առիթ չի թողնում։ Նրանք կանաչ լույս ունեն արժեքային տրանսֆորմացիայի ենթարկելու մեր հանրությանը, և իրենց այդ հանձնառության մեջ անդրդվելի են։ Կրթությունը կարող է մոբիլիզացնել, բարձրացնել հասարակությանը, կարող է նաև այն դարձնել ամորֆ ու անանցյալ հավաքականություն։ Տերերը լավ գիտեն կրթության ռազմավարական նշանակությունը։ Բայց գալու է պատասխան տալու ժամանակը։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ