Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց 10 կովկասյան ազնվացեղ եղջերու

Սեպտեմբեր 15,2024 17:24

Սեպտեմբերի 13-ին, «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց թվով 10 կովկասյան ազնվացեղ եղջերու։

2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում։

Դեռևս 1950-ական թվականներից Հայաստանից իսպառ վերացած ազնվացեղ եղջերուն 2018-ին վերադարձավ Հայաստան, երբ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը:

Տարիների ընթացքում կենտրում գտնվող կենդանիների թվաքանակը եռապատկվեց, ինչին հետևեց 2022 թվականին դրանց առաջին փորձնական խմբի (կազմված 3 առանձնյակից) արձակումը բնություն։

«Մեր նպատակն է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի հայաստանյան հարուստ կենսաբազմազանությունը կրկին համալրվի ազնվացեղ եղջերուներով», – նշեց WWF Հայաստանի տնօրեն պրն. Լևոն Աղասյանը։

Ուստի հետևելով ծրագրի նպատակին՝ սեպտեմբերի 13-ին բնության հատուկ պահպանվող տարածքների օրը, թվով 10 ազնվացեղ եղջերու վերադարձավ արձակ բնություն։

Հարկ է նշել, որ վերջիններս բաց են թողնվում GPS տեղորոշման վզկապներով՝ բնության մեջ դրանց տեղաշարժը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։

Եղջերուների բաց թողնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը, Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում պրն. Արա Մկրտչյանը նշեց, – «Նմանատիպ ծրագրերով փորձ է արվում մեր երկրում մշակույթ ձևավորել, որպեսզի գնանք կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ»։

Հետևելով նպատակին՝ ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30