Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է հաղթական ընթացքը 45-րդ համաշխարհային օլիմպիադայում:
Չորրորդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով պարտության մատնեցին Վիետնամի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը ոչ ոքի արեցին, իսկ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ:
Չորս տուրից հետո մեր կանանց ընտրանին թիմային հարյուր տոկոսանոց արդյունքով Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Մոնղոլիայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Այսօր հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը չափելու է առաջին տեղում ընթացող Չինաստանի հետ: Ըստ խաղատախտակների հաջորդականության հանդես գալու են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը:
Ցավոք, չորրորդ տուրում մեր տղաները նվազագույն տարբերությամբ՝ 1,5:2,5, պարտվեցին Չինաստանին եւ լքելով առաջատարների տասնյակը՝ թիմային 6,0 միավորով հայտնվեցին 13-րդ տեղում:
Այսօր Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես են գալու Շվեդիայի հետ դիմակայությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ