Լրահոս
Օրվա լրահոսը

«50 հազար ստորագրություն է պետք․ եթե ԱԺ-ն չընդունի նախագիծը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կիրականացվի հանրաքվեի միջոցով»․ Արտակ Զեյնալյան

Սեպտեմբեր 14,2024 15:55

Սեպտեմբերի 16-ից մեկնարկում է ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը։ Այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

«Մեզ անհրաժեշտ է նվազագույնը 50 հազար ստորագրություն, որպեսզի դիմենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հետագա հարցը լուծելու համար։ Թեեւ մեզ տրված է 60-օրյա ժամկետ, բայց վստահ եմ, որ մենք այդ 50 հազար ստորագրությունը կհավաքենք շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Երեք միջոց կա՝ ստորագրություն դնելու մեր օրենքի նախագծի տակ։ Համայնքապետարաններում մենք կունենանք ներկայացուցիչներ, կա հաստատված ձեւանմուշ, ստորագրահավաքի ցուցակ, որտեղ կլրացվեն անձի անձնական տվյալները, եւ կդրվի ստորագրությունը։ Դա կվավերացնի համայնքապետարանի նշանակված աշխատակիցը։ Մյուս եղանակը՝ նոտարի մոտ գնալով, որպեսզի նոտարը հաստատի, որ այդ ստորագրությունը դրել եք դուք, ստուգի ձեր ինքնությունը։ Նոտարական ֆունկցիա են կատարում նաեւ հյուպատոսները, այսինքն՝ ՀՀ ցանկացած հյուպատոս աշխարհի ցանկացած կետում կարող է կատարել նաեւ այս ֆունկցիան։ Այսինքն՝ Հայաստանում գտնվելը, ՀՀ-ում հաշվառման հասցե ունենալը պարտադիր չէ, միայն քաղաքացի լինելը, անձնագիր ունենալը բավարար է, որպեսզի ցանկացած նոտարի մոտ ու հյուպատոսությունում ՀՀ քաղաքացին կարողանա միանալ այս օրենքի նախագծին։ Հաջորդ եղանակը էլեկտրոնային եղանակն է։ Սեպտեմբերի 16-ից ԿԸՀ հանձնաժողովի կայքում լինելու է հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք, ով ունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է իր ստորագրությամբ միանալ այս նախաձեռնությանը»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը։

Նա հավելեց, որ եթե 50 հազար ստորագրությունը հավաքելուց հետո չհասնեն նրան, որ Ազգային ժողովն ընդունի այս նախագիծը եւ հռչակի ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը, այն կիրականացվի հանրաքվեի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է լինելու եւս 300 հազար ստորագրություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30