«Ուղիղ երկու տարի առաջ թշնամին Հայաստանի սահմանի տարբեր հատվածներից ներխուժել էր մեր երկրի տարածք, եւ մեծ հաշվով մենք անօգնականության եւ անճարության վիճակում էինք, որովհետեւ վերջին անգամ համոզվեցինք, որ դաշնակիցն այլեւս դաշնակից չէ, եւ մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք»,- այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Հայաստանն, ըստ էության, դատապարտված է այսօր իր համար գտնելու իր ինքնիշխան զարգացման եւ հարատեւության ճանապարհն ու բալասանը։ Գտնելու այն թշնամական միջավայրում, որում մենք գտնվում ենք՝ ոչ թե գոյատեւելու, ոչ թե յոլա գնալու, այլ արժանապատվորեն զարգանալու հենց այդ միջավայրում։ Եվ այս ճանապարհին մենք ոչ թե պետք է դրոշ վառենք, թշնամիներին անիծենք, խարազանենք մեզ եւ դատապարտվածի պես պահենք մեզ, այլ հակառակը, կարծում եմ, որ մենք պիտի դուրս գանք թշնամի-չթշնամի այդ պատմաքաղաքական ծուղակից, որից մեջ մեզ պահել են եւ թույլ չեն տալիս դուրս գալ արդեն 100 տարի։ Կարող ենք ամբողջ ազգով կանգնել արեւելյան ու արեւմտյան սահմաններին եւ շատ ուժեղ բղավել, որ թուրքը մեր թշնամին է։ Բայց դրանից ոչ մենք ենք ուժեղանալու, ոչ էլ թուրքն է թուլանալու։ Մենք դրանից ավելին պետք է անենք եւ այդ ծուղակից պիտի մեզ դուրս բերենք, որովհետեւ դա հայկական պետականության զարգացումն արգելակող ծուղակ է։ Չփոխել ոչինչ, նշանակում է թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական դոմինանտությունն այս տարածաշրջանում հավերժ լինի։ Այս նպատակն է հետապնդել մեր թշնամին 100 տարի։ Այդ նպատակի ճանապարհն էր նաեւ 2020 թվականի պատերազմն Արցախի դեմ եւ 2023 թվականին Արցախի հետ տեղի ունեցածը, որն, ըստ էության, կնքեց ռուս-թուրքական դոմինանտությունը մեր տարածաշրջանում։ Հիմա մենք պատրաստվում ենք հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ պատրաստվում ենք գործել»,- հայտարարեց Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարածաշրջանում ռուս-թուրքական այս տանդեմին վերջ տալու մի տարբերակ ունի՝ ԵՄ անդամակցության հայտով եւ ի վերջո լիիրավ անդամակցությամբ դառնալ տարածաշրջանային խաղացող։ Ռուս-թուրքական պայմանավորվածությունը չեղարկելու մի հնարավորություն կա՝ Հայաստանը պիտի այս տարածաշրջանում սուբյեկտ ու դերակատար դառնա։ «Մենք խոսում ենք վրեժից, ռեւանշից, կարծում եմ, ժամանակն է, որ մենք հասկանանք՝ վրեժը լուծում են ոչ թե դրոշներ այրելով, ոչ թե ինքնախարազանմամբ, այլ հզոր, կենսունակ ու դիմադրողունակ պետություն դառնալով։ Թվում էր, թե երկու տարվա վաղեմության իրադարձությունների բերումով մենք պիտի առանց քննարկելու ԵՄ անդամակցության հայտ ներկայացնեինք, բայց պարզվում է, որ հիմա մի հատ ստորագրություն պիտի հավաքենք, հետո մի հատ հանրաքվե պիտի անենք։ Ձեռնո՞ց եք նետել, լա՞վ եք արել, մենք այդ ձեռնոցը վերցնում ենք, ժողովրդով գալիս ենք՝ ձեզ պարտադրելու եւ այս հարցը լուծելու մեկընդմիշտ։ Մեզ այս օրերին փորձելու են խաբել, ֆռռացնել զանազան ձեւակերպումներով, թե բա՝ եվրաինտեգրացիա, դիվեսիֆիկացիա։ Չհավատաք, ժողովուրդ, էդ սաղ խաբեություն է, Եվրամիության անդամակցություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հայաստանի իշխանությունը պիտի հանձնառություն վերցնեի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության։ Մեզ պիտի հստակ ժամանակացույց ներկայացնի, թե երբ է պատրաստվում հայտը ներկայացնել եւ ինչպիսի՞ բարեփոխումներ պիտի իրականացվեն, որպեսզի ժամ առաջ Հայաստանը համապատասխանի այն պահանջներին, որոնք սահմանում է ԵՄ-ն»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ