Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ Երևանում փողոցների երկայնքով զանգվածաբար հատում էին ծառերը, մենք զգուշացնում էինք ջրհեղեղների վտանգի մասին, ջրային հոսքերի արագացման մասին։ Այսպիսով, հրավիրում եմ ծառերը հատողներին, կամ, ավելի վատ, նրանց աջակցող մասնագետներին և գիտնականներին, պատասխանել մի քանի պարզ հարցերի։
1. Ի՞նչ եք կարծում, ինտենսիվ անձրևի ժամանակ թափվող ջրի ուժը կարո՞ղ է թուլանալ, երբ անցնում է ծառի սաղարթի միջով։
2. Ինչպիսի՞ն կլինի ծառի պսակի միջով հոսքի արագության նվազումը:
3. Ինչպե՞ս կփոխվի ճյուղերի և բնի երկայնքով անցնող ջրի հոսքի արագությունն ու ուժը:
4. Ինչպե՞ս կազդի խոշոր բույսերի արմատների կողմից ջուրը կլանելու հատկանիշը, անձրևաջրերի առատ հոսքի մակարդակի վրա:
5. Ինչպիսի՞ն կլինի հողի էրոզիայի առաջացման ռիսկի կրճատումը:
Հիմա Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկի բարձր կետից անձրևաջրերի անխոչընդոտ հոսքի արագությանը նայեք ու հիշեք թեղիների բարբարոսական ջարդը։ Կիսագրագետներն են մեր երկրի թշնամիները, մարտնչող, տգետ մեծամիտները։ Ձեր «փառահեղ» աշխատանքի արդյունքն ակներև է։ Ամենը դեռ նոր է սկսվում։ Չլսելով մասնագետներին, բոլորին եք վնասում…