Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳ նախարարը չի բացառել, որ COP29-ից հետո պատերազմ կլինի, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով՝ պետք է կանխել»․ Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 14,2024 15:20

«Բոլորին մեկ հարց է հուզում՝ արդյոք տեղի կունենա նոր պատերազմ, թե՞ ոչ։ Եվ քաղաքական դաշտն այս առումով բաժանվել է երկու մասի՝ մի թեւը փորձում է հիմնավորել, որ նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակը գործող իշխանությանը փոխելն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելը եւ այդ համատեքստում խաղաղության հասնելը։ Մենք այս տարբերակը ոչ միայն համարում ենք ռիսկային, այլեւ համարում ենք չգործող ու անթույլատրելի»,- այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ անհնար է նույն քայլերն անելով՝ բացարձակ այլ արդյունք ակնկալել, այդ նույն ուժերն այդ նույն առաջարկն անում էին Արցախում։ Արամ Սարգսյանի խոսքով՝ այդ նույն ուժերը Ռուսաստանին հաճոյանալու համար փոխեցին Արցախի վերջին օրինական ընտրված իշխանությանը՝ Արայիկ Հարությունյանին՝ համարելով, որ նա արեւմտամետ է, որ համաձայնել է ԱՄՆ հովանու ներքո Սոֆիայում հանդիպել Ադրբեջանին։ «Փոխեցին նրան ռուսներին ավելի հաճո անձով, ով համաձայնեց ռուսական հովանու ներքո Եվլախում ստորագրել փաստաթուղթ, որով լուծարեց Արցախի Հանրապետությունը։ Այս ճանապարհով գնալը վստահաբար Հայաստանի համար էլ ստեղծելու է նույն ապագան։ Հետեւաբար, մենք այդ տարբերակը կատեգորիկ մերժում ենք, համարում ենք ռիսկային»,- հայտարարեց նա։

Արամ Սարգսյանը ներկայացրեց իրենց առաջարկը․ «Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը, իր տնտեսությունն ու բանակն ամրապնդի՝ Եվրոպական միության եւ հավաքական Արեւմուտքի մաս դառնալով։ ՀՀ արտգործնախարարի վերջին հայտարարությունից հետո, որ չի բացառվում, որ COP29-ից հետո սահմաններին տեղի ունենան նոր ընդհարումներ, որոնք կարող են դառնալ նոր պատերազմի սկիզբ, մենք գործող իշխանությանն առաջարկություն արեցինք ստեղծել գործընթաց, որի հիմքը կլինի ժողովրդի կարծիքը հարցնելով՝ կազմակերպել հանրաքվե եւ հայտ ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու համար։ ՀՀ իշխանությունները մեզ պատասխանեցին, որ դա ժամանակավրեպ է։ Մենք ասացինք՝ այդ դեպքում մենք հանդես ենք գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱԺ ենք բերում օրենքի նախագիծ, որով ասում ենք ձեզ, որ մեծամասնությամբ քվեարկեք, որ դուք կողմ եք ԵՄ անդամակցության գործընթաց նախաձեռնելու առումով։ Եթե դուք էլ այս նախաձեռնությանն ասեք ոչ, դա կնշանակի, որ դուք դեմ եք ԵՄ մաս դառնալուն։ Հարգելի իշխանություն, կողմ լինելը բավարար չէ, ժամանակն է, ր դրան իրավական բովանդակություն տրվի։ Եվ եթե դուք սրան ասեք՝ այո, վստահեցնում եմ ձեզ, որ մենք լուրջ, շատ լուրջ առաջընթաց ու հաղթանակ կունենանք»։

Արամ Սարգսյանը հավելեց, որ անհնար է լինելու ուղղություն վերցնել դեպի ԵՄ անդամակցություն եւ մնալ ԵԱՏՄ-ում, ամբողջ խնդիրը սա է։ «Հետեւաբար, սիրելի քաղաքացի, ամսի 16-ից սկսած, երբ տարբեր համայնքապետարաններում կբացվեն այդ շտաբները, վերցնում ես քո անձնագիրը, եթե կիսում ես մեր տեսակետները, ընտանիքիդ անդամների հետ գնում ես համայնքապետարան եւ քո ստորագրությունը դնում ՀՀ՝ ԵՄ անդամակցության կողմնակից լինելու օգտին։ Դու ես որոշելու՝ COP29-ից հետո տեղի կունենա պատերազմ, թե՞ ոչ։ Դու ես որոշելու՝ ՀՀ բանակը պրոֆեսիոնալ բանա՞կ է լինելու՝ վերազինված նոր սպառազինությամբ, թե՞ ոչ։ Դու ես որոշելու՝ ՀՀ տնտեսությունը պիտի զարգանա, քո զավակները պիտի աշխատեն Հայաստանում, թե՞ թոռներդ էլ են ստիպված լինելու էժան աշխատուժ լինելու օտար ափերում։ Դու դնելու ես Հայաստանի ապագայի հիմնաքարը։ Ես վստահ եմ, որ նման որոշում կայացնելուց 10-15 տարի հետո դուք, ձեր զավակներն ու թոռները տեսնելու եք արդյունքները»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սա ի՞նչ վերացական տրամաբանություն է, եթե ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնենք, դրանով պատերազմը ո՞նց կկանխվի: Ստացվում է եթե հայտ ներկայացնենք, դրանից հետո ադրբեջանն ու թուրքիան վախից դողալու ե՞ն: Ենթադրենք այդ հայտը ներկայացրեցինք, քանի՞ տարի հետո են մեզ ԵՄ ընդունելու: Ուկրաինան էլ հայտ ներկայացրեց, պատերազմը կանխվե՞ց, թե՞ պատերազմ սկսվեց ու այն թեժացավ և ձգվում է արդեն ինչքա՞ն ժամանակ:
    Գոնե Վազգենի սթափությունից մի քիչ էլ դու ունենայիր և հասկանայիր, որ պատերազմը կանխվում է, երբ դու ուժեղ բանակ ես ունենում, լավ զենքեր և կռվի պատրաստ տղերք: Իսկ երբ պատերազմից փորձում ես փախչել, դրանով պատերազմն ավելի կմոտեցնես, որովհետև քո թշնամին կտեսնի, որ դու իրենից վախենում ես (իսկ վախեցողներին հեշտ են հաղթում):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30