Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Սեպտեմբեր 14,2024 13:20

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․–ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ:

Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են  նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, «BMW» մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․–ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:

Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․–ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել  վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց «Whatsapp» և «Telegram» հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, «WhatsApp» հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․–ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30