Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ ասում էին՝ կյանք տանք՝ հայրենիք պահենք, հող պահենք, հիմա ասում են՝ հող տանք՝ կյանք պահենք․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2024 11:40

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մի քանի օր առաջ տեսանյութ էր պատրաստել Կապանի մոտակայքից, որտեղ լրագրողը սարի գլխից ցույց էր տալիս հայկական ճանապարհները, խոսում Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրանից կրած իրենց «հսկայական վնասների» մասին: Կադրերում երեւում էր նաեւ Կապանի օդանավակայանը։ Այս թեմայով զրուցել ենք Արցախյան պատերազմների մասնակից, արցախցի Աշոտ Սեւյանի հետ։

– Այդ տեսանյութով ի՞նչ էին ուզում ցույց տալ։

– Որ իրենք վերահսկում են, հետեւում են մեր ամբողջ հանքարդյունաբերությանը, մեր բոլոր ստրատեգիական ճանապարհներին։ Այդպես էլ ասում էր՝ վերահսկում ենք։

– Անվտանգային տեսանկյունից նայենք՝ թշնամին այնքան մոտ է մեր բնակավայրերին, որ ամեն ինչ իր տեսադաշտում է հայտնվել:

– Դա նշանակում է, որ իրենք Հայաստանն ընդհանուր վերահսկում են, ու որ րոպեին պետք լինի, կարող են վնաս պատճառել` թե՛ տնտեսությանը, թե՛ ամեն ինչին` մայր ճանապարհները կարող են կտրել։ Եկեք պատկերացնենք այսպես․ ապրանք են տեղափոխում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, Իրանից եկող ճանապարհն այնտեղ կտրեցին, Կապանի ճանապարհները երկու անգամ կրակում են, դառնում է վտանգավոր ճանապարհ, ու էլ ոչ ոք չի գա ու գնա։

– Այսինքն՝ բնակավայրը, փաստացի, հայտնվում է շրջափակման մե՞ջ։

– Շրջափակման մեջ չէ, որովհետեւ հետ գալու տեղ ունի, բայց ոչ պիտանի։ Շրջափակում չի լինելու, ամբողջ Կապանն այսօր վատ վիճակում է, սարերից հոսող խմելու ջուրը լրիվ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Այդ անվտանգությունն ո՞վ է ապահովում։ Պարզ է, չէ՞, որ այսօր ոչ ոք դրա համար պատասխանատու չէ։ Նույնիսկ Երեւանում խմելու ջրի մասով պատասխանատվություն չեն ստանձնում, ուր մնաց այնտեղ՝ սարերից հոսող ջրի աղբյուրով։

– Հանքարդյունաբերության մասով ի՞նչ էին ակնարկում։

– Ասում էին, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը, Սյունիքի մարզի հանքարդյունաբերությունը վնասում է իրենց, ու այս COP-29-ի ժամանակ այդ հարցը բարձրացնելու են, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը վտանգավոր է։ Չգիտես ինչու, Կասպից ծովից չեն խոսում, որն ինքն իրենով խնդիր է՝ գազը, նավթը հանում են, տեղն ի՞նչ են թողնում՝ ոչինչ, ծովը մեռնում է։ Նավթն ու գազը պահում է այդ ծովի կալորիականությունը, եթե իրենք քաշում են դա, դրա փոխարեն պիտի ներարկեն մի բան, իրենք դա չեն անում, ու ծովը մեռնում է։ Հիմա իրենց ո՞վ է թույլ տվել, որ Կասպից ծովը սպանեն, էկոլոգիան սպանեն։ Դրա համար իրենք Արցախին են անցել՝ կանաչ էներգիան օգտագործում են։

– Այսինքն՝ Կասպից ծովի նավթի ու գազի պաշարները սպառվում են։

– Այո, իրենք անցան կանաչ ծրագրին, Ադրբեջանի կանաչ ծրագրի 30 տոկոսն Արցախից է ապահովվում։ Միայն Քարվաճառում կա 38 հատ ՀԷԿ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էներգիա է դա տալիս՝ մաքուր էներգիա․ Թարթառ գետի վրա կառուցված ՀԷԿ-եր են։ Հիմա ամբողջ աշխարհն է անցնում կանաչ էներգիային։ Ուղղակի մերոնք չմտածեցին, որ կարելի է պահել Ղարաբաղը, այդ կանաչ էներգիան վաճառել։ Հիմա արդեն ատոմակայանը փակելու թեման են պտտեցնում։

– Ուզում եք ասել՝ Արցախը գրավեցին ոչ թե այն պատճառով, որ «իրենց հայրենիքն» է, այլ նաեւ այդ էներգիայի՞ համար։

– Արցախի մասով Ալիեւը կարողացավ բոլորին օգտագործել ի շահ իրեն։ Իսրայելը խառնվեց` հույս ուներ, որ Արցախը պիտի տար Ֆիզուլին, Կուբաթլուն՝ բազաներ տեղադրելու համար, ի վնաս Ադրբեջանի… Կռիվը դեռեւս չսկսված, բոլորս էլ արդեն գիտեինք, դա նորություն չէր՝ 2020 թ. Ալիեւն արդեն Անգլիային վաճառել էր Դրմբոնի ու Մարտակերտի հանքերը։ Բոլորի հետ էլ նույն շահն ուներ, ինքն այդ շահերն օգտագործեց ու իր ժողովրդին ապացուցեց, որ, տեսեք` ես կարողացա Արցախը հետ բերել։

– Իսկ այդ շահագրգիռ կողմերն իրենց հասանելիքը չեն պահանջելո՞ւ։

– Պահանջելու են, ձգվում է դեռ։ Երեսուն տարի մենք էլ էինք Արցախին տիրություն անում՝ մենք ի՞նչ արեցինք մեր երկրի համար՝ ոչինչ։ Ընդերքն էլ օգտագործեցինք, ամեն ինչ էլ արեցինք` ո՛չ բանակ սարքեցին, ո՛չ պետություն, ո՛չ վերաբնակեցրինք։ Քարվաճառի նման ստրատեգիական շրջանն ուներ 3 հազար բնակիչ։ Եթե մարդիկ ապրեին, այդտեղից մարդ դուրս չէր գա, բայց դա ծրագիր էր։ Այնպես չէ, որ Քարվաճառի բնակիչները թողել են կամ փախել` ոչ, Քարվաճառը ստորագրությունով են տվել, նույնը՝ Աղդամը: Խմելու ջուրը դառնալու է ոսկի՝ ամբողջ աշխարհում։ Մի ժամանակ Վարդենիսի գլխին՝ Քարվաճառում, գետեր էին հոսում՝ Արա լճերի սառնորակ խմելու ջուրը հոսում էր, որի կեսը գալիս էր լցվում Սեւան։ Հիմա ո՞ւր են այդ գետերը, չկա այդ ջուրը, որովհետեւ իրենք ապուշ չեն։ Պայթեցում արեցին, ու Արա լճերի ջրերը հիմա լցվում են Թարթառ գետն ու գնում Ադրբեջան։ Տեսեք՝ քանի տեղ են իրենք կարողանում Թարթառ գետն օգտագործել՝ 39 ՀԷԿ է աշխատում։ Տնտեսապես տեսեք ինչ հզորություն է, խտացված խմելու ջուր է, չգիտեմ՝ քանի միլիոն խորանարդ է։ Դա ինքն իրենով ապահովում էր Սարսանգ ԳԷՍ-ը, բայց, չէ` չֆայմեցինք, չպահեցինք, մի ստորագրությամբ տվեցին, հիմա ասում ենք՝ մեզ պետք չէ դա։ Ոչ ոք սրտացավ չէր, ոչ մեկը հեռատես չէր, ոչ մեկը հետագայի մասին չէր մտածում։ Մեր ազգը մի շատ առնետային գիծ ունի՝ այսօր փողն իմ գրպանում լինի՝ հերն անիծած, թե մի տարի հետո ինչ կլինի։ Ով եկավ պաշտոնի, մտածեց՝ բեր տանեմ, ուտեմ, այսօր վայելեմ, վաղն ինչ կլինի սերունդների հետ, ինձ չի վերաբերում։ Նույնն այսօրվանն է՝ նրանք 30 տարի լափեցին-կերան, սրանք 6 տարվա մեջ այն 30 տարվա երեք անգամը տարան։ Խնդիրն այստեղ փողը չէ, առաջ մեր գաղափարը ո՞նց էր՝ ասում էին. կյանք տանք՝ հայրենիք պահենք, հող պահենք։ Հիմա ասում են․ հող տանք՝ կյանք պահենք։ Չկա նման հասկացություն, չգիտեմ ինչի հետ համեմատեմ, ինչի ենք հասել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30