Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ․ «Փաստ»

Սեպտեմբեր 14,2024 10:40

Մի ահազանգ էլ 2020-ի դեկտեմբերին հնչեցրին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության, ԵՊՀ-ի՝ Հայ նորագույն գրականության և ԵՊՀ-ի՝ Գրականության տեսության և քննադատության ամբիոնները: Դա խիստ ու կոշտ ահազանգ էր՝ ուղղված հանրությանը, գուցե նաև՝ օգնության ճիչ: Իսկ ավարտվում էր այդ հայտարարությունը հետևյալ խոսուն ձևակերպմամբ. «Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը» (հայտարարությունը «Փաստը» հրապարակել է, ցանկացողներն ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ past.am կայքում՝ «Հայության գոյաբանական արմատների դեմ նոր արշավանքը. օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ» վերնագրով):

«Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում»,-ասված էր հայտարարության մեջ:

Այս ահազանգից հետո անցել է գրեթե 4 տարի:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած 4 տարիներին հիշյալ հակահայ արշավանքը ոչ միայն չի կասեցվել, այլև ստացել է ավելի ու ավելի վայրագ, ցինիկ, ավելի այլանդակ դրսևորում: Ավելին, այդ հակակրթական, աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ: Կամ, կարելի է ասել, որևէ խնդիր ու վախ չունենալով՝ փաշինյանական իշխանություններն այլևս չեն էլ ջանում ինչ-որ կերպ քողարկել իրենց ծրագրերի հակահայ բնույթը:

Այս օրերին հատկապես սոցցանցերը ուղղակիորեն դղրդում են ամենատարբեր դասարանների դպրոցական «դասագրքերի» վերաբերյալ հրապարակումներից, դրանցում առկա խայտառակությունների «նկարպատճենները» ուղղակի «օրվա լուր» են դառնում: Ու մեկ օրինակ չէ, երկուսը չէ, երեքը չէ: Մեկը մյուսից խայտառակ, մեկը մյուսից ավելի վտանգաշատ:

Դրել, Հայաստանի դրոշը այնպես են պատկերել, որ այրվում է, գրքի կազմի վրա ճպպացրել են ՔՊ-ի «ձեռքսեղմում» նշանը, որն, ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, ավելի վաղ եղել է թուրքական «արտադրողների» ինչ-որ միության լոգոտիպը: Ծնողները բացել են իրենց զավակների դասագրքերն ու… ապշել դրանցում առկա քերականական, լեզվական, մտքի սխալներից ու պարզապես «աջաբսանդալային» բովանդակությունից:

Դժվար չէ կռահել, որ պատկերն այդպիսին է հատկապես հայագիտական, հումանիտար առարկաների հետ կապված՝ մայրենի, հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ավելին, 6-րդ դասարանի դեպքում ինչ-որ մեկը որոշել է «Աշխարհի ժողովուրդների առասպելներից», հավատալիքային պատկերացումներից, աշխարհագրությունից ու մի քիչ էլ՝ Հայոց պատմությունից «դասագրքային» կոկտեյլ պատրաստել ու ստացել է այնպիսի վանող շիլա, որ թշնամուդ երեխային անգամ չես հրամցնի:

Դե, իսկ եթե այդ ամենին հավելենք արդեն իսկ արձանագրվածը, այն է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Փաշինյանի կողմից դպրոցից դուրս շպրտելը, առհասարակ, փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցուն «ջիհադ» հայտարարելը, «Հայոց պատմություն» առարկայի վրա վայրագ հարձակումներն ու բովանդակային խեղաթյուրումները, «Մայրենիի» դասագրքերի մեջ ամբախ-զամբախ «պատմություններ» խցկելը, պատկերը կամբողջանա: Ու կդառնա ոչ թե սոսկ սարսափելի, այլ մղձավանջային:

Այդպես կարող էին վարվել միայն օտար նվաճողները, եթե ցանկանում են ոչ թե պարզապես նվաստացնել ու ստորացնել զավթած երկրի բնակչությանը, այլև մատաղ սերնդին դարձնել մանկուրտ՝ անհիշողություն, անազգ, անհայրենիք, անկամ ստրուկներ: Ու դա արվում է ծրագրավորված:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30