Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գիտակցել, որ հավասար իրավունքներ ունեն նաեւ հարեւաններդ

Սեպտեմբեր 14,2024 13:00

«Եղբայրը եղբորից կազատվի, հարեւանը հարեւանից չի ազատվի». ժողովրդական

Ամիսներ առաջ՝ հունիսին, ՄԻՊ աշխատակազմը տեղեկացրեց իրեն ուղղված բողոքների, քաղաքացիների դիմումների մասին, նշելով, որ դրանց գերակշիռ մասը վերաբերում է բազմաբնակարան շենքերի նկուղներում, առաջին հարկերում գործող զվարճանքի, ժամանցի վայրերի աղմուկին, ուշ ժամերին լսվող բարձր երաժշտությանը, իրականացվող շինարարական աշխատանքների փոշուն, դրա պատճառած վնասներին, ապօրինությանը:

Պաշտպանն անթույլատրելի էր համարել համակեցության կանոնների խախտումը, նշելով, որ մեր շրջապատում կան հաշմանդամ, հիվանդ անձինք, երեխաներ, տարեցներ, որոնք ունեն հանգստի, առողջության պաշտպանության եւ այլ հիմնարար իրավունքներ:

Երեկ մեկ այլ խնդրի առաջ կանգնեցի, երբ այցելեցի Շենգավիթ վարչական տարածքի Գ. Նժդեհի 35 հասցե:

Խնդիրն այն է, որ այստեղ էլ, այս չորս հարկանի շենքի տարբեր պատշգամբներ լուսանկարում պատկերված ձեւն ունեին, շենքի տարատեսակ ծակուծուկերից անկանոն շինություններ են հայտնվել, լարեր, խողովակներ, առանց հաշվի առնելու այն, որ դրանց փնթի տիրապետման արդյունքում քարեր կթափվեն բնակիչների գլխին, կվնասեն մարդկանց, կվնասվեն նաեւ բնակարանները:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքը» թվում էր լավագույն լուծումը տվեց բաժնային սեփականության հարցին. յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է ըստ այդ օրենքի տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին:


Այսինքն, շինության միջհարկային ծածկերի, առաստաղների, հատակների եւ կրող կառուցվածքների ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ. բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականությունն են` շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումները, ինչպես նաեւ շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ:

Հետեւաբար, երբ շենքի մուտքերում, հարկերում որեւէ մեկը մի բան է փոփոխում, պիտի գիտակցի, որ դա իրենը չէ, իր հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունեն հարեւանները, այլ բնակարանների սեփականատերերը:

Օրենքով սահմանված է, որ ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունը այդ սեփականությունն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելն է:

Մինչդեռ, հայտնի է, որ սեփականատերերից շատերը վարձակալությամբ են իրենց տարածքները, բնակարանները տրամադրում այլ քաղաքացիներին, ովքեր համակեցության տարրական կանոններից հեռու են, չունեն կայուն պարտականություններ եւ իրավունքներ:

Շենքի տարեց բնակիչներից մեկի՝ տիկին Լաուրայի առաստաղը վնասել էր վերեւի տան վարձակալը, ով որեւէ պարտականություն եւ պատասխանատվություն չկրեց: Փոխարենը՝ դռնեդուռ ընկավ թոշակառու կինը, քայքայեց նյարդերը, իսկ նրա գրավոր դիմում-բողոքներն էլ մնացին համայնքապետի հերթափոխային դարակներում:

Մի բան պարզ է, որ երբ նման խախտումների համար որեւէ մեկին պատասխանատվության չես ենթարկում, արդյունքը լինում է այդ ամենի անարգել տարածումը, խախտումների աճը…

Դատական գործընթացներից մեկը հիշեցի, երբ հարեւանը դատի էր տվել հարեւանին, երբ հարեւանը 10 տարի առաջ իր բնակարանին կից շինություն է կառուցել եւ այն սեփականաշնորհել: Հարեւանը բողոքում էր, որ կցակառույցը կառուցելիս իր կարծիքը չեն հարցրել, որ դա նրան խանգարում էր, եւ դիմել էր Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, քաղաքապետարան եւ դատարան:

Բնակիչը հայտնել էր, որ գործնականում հնարավոր չէր բողոքաբեր հարեւանից թույլտվություն հարցնել, քանի որ վերջինս այդ շենքից տուն է գնել ընդամենը կես տարի առաջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30