Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում ընդհանրապես պետք է դադարեցվեն»

Սեպտեմբեր 14,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում ընդհանրապես պետք է դադարեցվեն, որովհետեւ դրանք են դուռ բացում զանազան մեքենայությունների համար։ Հատկապես՝ Հայաստանից նաեւ բարձր մակարդակով հնչող՝ ադրբեջանական կողմից պահնորդական ընկերություններ ներգրավվելու մասին խոսակցություններին, ճանապարհի վերահսկողությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելուն եւ այլն։ Այդ խնդիրը պետք է առհասարակ մերժվի Հայաստանի կողմից, առավել եւս, որ այդ հարցում Հայաստանն ունի հզոր դաշնակից՝ Իրանին, որն աշխատում է իր ունեցած ողջ գործիքակազմով եւ իրեն բոնորոշ մեթոդաբանությամբ՝ չթողնելով, որպեսզի խնդիրները հասնեն թեժ փուլի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, վերջին օրերին, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որն անցնում է ՀՀ տարածքով՝ Սյունիքի մարզով՝ կապելով Ադրբեջանը՝ Նախիջեւանի հետ, ռուս-իրանական կրքերն էին բորբոքվել։ Իրանից տարբեր խողովակներով մեղադրանքներ հնչեցին ՌԴ-ի հասցեին՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իրանի շահերն անտեսելու եւ պայմանավորվածությունները խախտելու մասին։ Սակայն, թե ՌԴ ԱԳՆ խոսնակը, թե ԱԽ քարտուղարը հայտարարեցին, որ ՌԴ-ն այդ հարցում հավատարիմ է Իրանի հետ իր նախկին պայմանավորվածություններին։ Իհարկե, հասկանալի չէ, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը եւ հաշվի առնվա՞ծ են Հայաստանի շահերը։ Համենայնդեպս, նախօրեին, ՀՀ վարչապետը խորհրդարանում թափահարում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ մեջբերելով դրույթը, որի համաձայն՝ ճանապարհի վերահսկողությունը Հայաստանը պետք է իրականացնի։

«Չկա պետության զարգացման ընդհանուր տեսլական, խառնաշփոթ է, տարօրինակ, միմյանց հակասող, մեղմ ասած՝ ինչ-որ վիճելի կիսագաղափարներ… ակնկալել, որ արտաքին քաղաքականության, մեր պետության անվտանգային խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր կլինեն, անիմաստ է։ Մենք փորձում ենք ակնկալել Հայաստանում որոշում կայացնողներից անհնարինը»,- կարծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մենք պետք է պահենք հարաբերությունների գոնե որոշակի մակարդակ, որը հետագայում կօգտագործենք՝ մեր պետության շահերն առաջ մղելու համար։

Վարդան Ոսկանյանը նկատում է՝ իրանցիները կարծես հաջողություն են գրանցել, քանի որ ՌԴ ԱԳՆ խոսնակի վերջին հայտարարությունը փաստում է, որ խնդիրները, որոնք ակնհայտորեն եղել են, կարծես թե լուծված են. «Իրանական կողմի շահերից էլ չի բխում, որ որեւէ պահնորդական կազմակերպություն կամ որեւէ այլ կառույց վերահսկողություն ունենա այդ ճանապարհի վրա։ Այս պայմաններում, եթե ճանապարհը պետք է վերահսկի որեւէ կողմ՝ լինի դա մասնավոր ընկերություն, թե այլ կազմակերպություն, իսկ դրանք կարող են լինել նաեւ որեւէ պետության ռազմականացված կառույց, դիցուք, եվրոպական կամ ամերիկյան «Վագները», բնական է, որ ռուսական կողմը պետք է դեմ լինի»։

Դիտարկմանը՝ հայկական կողմն այս գործընթացները բնութագրում է «ճանապարհների ապաշրջափակում», մեր զրուցակիցն արձագանքեց. «Ճանապարհների՝ ազատ գործելու համար, որեւէ պահնորդական ընկերության կարիք չկա։ Երբ մենք երթեւեկում ենք Վրաստանով՝ Վրաստանի ճանապարհները որեւէ պահնորդական ընկերություն չի վերահսկում։ Եվ, եթե վրացի վարորդները երթեւեկում են Հայաստանում, որեւէ պահնորդական ընկերություն չի վերահսկում։ Հետեւաբար, սա, ըստ էության, դուռ է բացում՝ իրականում այդ ճանապարհի վրա հայկական վերահսկողությունն առնվազն սահմանափակելու համար, եթե չասեմ՝ զրոյացնելու»։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը Վարդան Ոսկանյանի բնութագրմամբ, չի բխում Հայաստանի շահերից, բայց եթե հղում է կատարվում դրա 9-րդ կետին, այնտեղ հստակորեն, ցավոք, արձանագրված է, Սյունիքով անցնող ճանապարհը կամ Նախիջեւանը Ադրբեջանին կապող մայրցամաքային ճանապարհը ինչ-որ յուրօրինակություն ունի, ապա, դա եւս դիվանագիտական մանեւրի տեղ է բացում. «Մինչեւ 9-րդ կետը կան ութ կետեր եւ այդ բոլոր ութ կետերը, որոնք վերաբերում էին ադրբեջանական կողմի պարտավորություններին, խախտվել են կոպտորեն։ Սա մանյովրի տեղ է բացում՝ արծարծելու նաեւ Արցախի վերադարձի խնդիրը, արցախահայության վերադարձի խնդիրը, Բերձորի միջանցքի վերագործարկման խնդիրը, ռուս խաղաղապահների վերադարձի խնդիրը եւ այլն։ Չի կարող, ըստ էության, միայն հայտարարության մի կետի շուրջ լինեն պահանջներ՝ Հայաստանի նկատմամբ։ Հայկական կողմից այս մանեւրի հնարավորությունը պետք է օգտագործել։ Այսինքն, մարտահրավերներին զուգահեռ կան նաեւ հնարավորություններ»։

Հարցն այն է, որ ՀՀ իշխանությունն Արցախի թեման փակված է համարում, ավելին, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի եւ արցախցիների վերադարձի հարցը վտանգում է ՀՀ անվտանգությունը, ուստի, սպասել, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը կօգտագործի այդ հնարավորությունները, անիմաստ են։ Ի դեպ, թեեւ Նիկոլ Փաշինյանն էր մեջբերում նոյեմբերի 9-ի հայտարարությունն՝ ասելով, որ վերահսկողությունը պետք է հայկական կողմն իրականացնի, նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն էին խոսում ադրբեջանական պահնորդական ընկերություններին ներգրավվելու, ճանապարհի վերահսկողությունը մասնավոր կազմակերպություններին տրամադրելու մասին։ Ստացվում է՝ հայկական կողմում շիլաշփոթ է։

«Իրականում վտանգավոր իրավիճակ է, որովհետեւ, գոյություն չունի առանձին վերցրած՝ Արցախի հարց, «Զանգեզուրի միջանցք», Սյունիքի, Տավուշի եւ այլ հարցեր։ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, գոյություն ունի Հայաստանի հարց, իրենց վերջնանպատակը Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն լինելուց զրկելն է, Հայաստանը ազգագրական ռեզերվացիայի վերածելը, որի ցուցանակի վրա միգուցե կարող է գրված լինել Հայաստան, որը ժամանակի ընթացքում կփոխվի՝ երբեւիցե գոյություն չունեցած «Արեւմտյան Ադրբեջանի»։ Հետեւաբար, եթե խնդիրներն իրենց ակունքներում սխալ են ընկալվում, բոլոր բխող քայլերը կատարվում են սխալ ուղղությամբ։ Եթե Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մենք չենք բարձրաձայնում՝ ծագելու են բազմաթիվ խնդիրներ, ինչը փաստվում է նաեւ ադրբեջանական կողմի պահանջների՝ օրըստօրե ավելացմամբ՝ Սահմանադրության փոփոխություն, լկտիությունը հասել է այն աստիճանի, որ խոսք է գնում Հայաստանի ապառազմականացման մասին, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացման մասին, հսկայածավալ հայեցակարգ է մշակվել, ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ եւ այլն։ Հետեւաբար, առնվազն միամտություն է՝ կարծել, որ ինչ-որ բան զիջելով թշնամուն, հասնելու ենք մի կետի, որտեղ թշնամին կանգ է առնելու։ «Կանգառի» կետը լինելու է Երեւանում, եթե մենք թույլ տանք, որ խնդիրներն այդ աստիճան լարվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարեւորելով այս ամենի՝ մեր հասարակության ընկալումները։  Նրա գնահատմամբ, հասարակությունը գտնվում է պարբերական եւ դիվերսիոն բնույթի՝ մոլորեցնող եւ շփոթեցնող, քարոզչական ազդեցությունների տակ. «Դոզավորված կերակրման մեթոդով մարդկանց հաշտեցնելու քարոզչություն է վարվում։ Կարեւոր է, որ մեր հասարակությունը հասկանա՝ Արցախը թողնելով թշնամուն, Սյունիքից, Տավուշից ՀՀ որեւէ այլ հատվածից, ՀՀ Սահմանադրության մեջ, մեր խորհրդանիշների տիրույթում որեւէ զիջում անելով, որեւէ խնդիր չի լուծվելու. առաջանալու են նոր՝ ավելի բարդ խնդիրներ, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել անդառնալիության կետի»։

Ուստի, ըստ մեր զրուցակցի, պետք է զուգահեռ հանրային խոսույթով իրականության ներկայացում, այդ իրականությունը փոխելու տարբերակների առաջարկներ, որովհետեւ իրականության հետ հաշտվելն առնվազն հակասում է մեր պատմության ընթացքին. «Եթե հայերս հաշտվեինք իրականության հետ, ապա այժմ պետք է լինեինք օսմանյան կայսրության կազմում, ռուսական կայսրության կազմում, իրանական կայսրության կազմում, պետականություն չպետք է ունենայինք։ Եթե մեր մտավորականները հաշտվեին իրողությունների հետ, ապա հայոց լեզուն պետք է լիներ այնպիսին, ինչպիսին, օրինակ, Խաչատուր Աբովյանի գրվածքներում է՝ աշխարհաբարը։ Բայց որեւէ մեկը չի հաշտվել. նոր դարեր են կերտվել, նոր ոճեր, ուղղություններ են ստեղծվել։ Իրականության հետ հաշտվելն առնվազն թուլամորթության դրսեւորում է եւ հակասում է մեր պատմական ընթացքին։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ մեզ համոզում են, որ թուլամորթ լինելը, հացի խնդիրներով զբաղվելը, հերոս դառնալու համար բացառապես եւ միայն հարկ վճարելը շատ օրինաչափ է եւ նորմալ։ Ու պետք է նաեւ հաշտվել նրա հետ, որ թշնամին կարող է քեզ ստորացնել։ Որեւէ պարագայում դրա հետ հաշտվել չի կարելի, դա հակասում է մեր էությանը, մեր բնույթին, մեր տեսլականին։ Չեմ կարծում, թե որեւէ հայաստանցու կամ հայի տեսլականում տեղ ունի՝ Հայաստանն ազգագրական ռեզերվացիա տեսնելու մտայնությունը կամ թշնամուն ծառայություններ մատուցող ինչ-որ բանանային պետության կարգավիճակ ունենալը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30