Ըստ Արման Մելիքյանի՝ Փաշինյանի ու վերջինիս թիմի քաղաքական պլատֆորմը բացառում է Արցախի հայության վերադարձի եւ Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրների արծարծումը։
-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հավատացած է, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը, Դուք այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ մանավանդ մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրում մեկ հոդված ընդհանրապես համաձայնեցված չէ։
-Այս կարգի հայտարարություններն, ավելի շուտ, քարոզչական բնույթ ունեն եւ արտահայտում են հատկապես պաշտոնական Երեւանի ձգտումն՝ օր առաջ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ադրբեջանական կողմի հետ։ Սա բազմաթիրախ մոտեցում է՝ միաժամանակ հոգեբանական ճնշում է գործադրվում պաշտոնական Բաքվի նկատմամբ վերջինիս դանդաղկոտությունն ընդգծելու միջոցով, միջազգային հանրությանն է ազդանշան տրվում առ այն, որ Հայաստանն անգամ դատարկ թուղթ կստորագրի, եթե այն կոչվի «խաղաղության ավետիս» եւ, վերջապես, հայաստանյան հասարակության դրական սպասումներն են գրգռվում՝ հույս է արմատավորվում, թե, իբր տարիներ տեւած մղձավանջի, ազգային աղետի վերջն երեւում է։ Կարծում եմ, որ այս երեք նպատակակետերից միայն վերջինն է, որ գուցե ազդվի այսպիսի պնդումներից։
-Ի՞նչ կարծիքի եք այն տարբերակի մասին, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքներում՝ օրինակ՝ երկաթուղում արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն լինի, որը գնացքի վրա կամ մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղեւորներին։ Այս տարբերակը չբացառեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Նախիջեւան-Սյունիք-Ադրբեջան ենթակառուցվածքների վերահսկողությունը մասնավոր ընկերություններին՝ հնարավոր փոխանցման մասին հարցին։
Կարդացեք նաև
-Եթե պայմանավորվող կողմերից մեկն անկեղծորեն խաղաղություն հաստատելու հարցում շահագրգիռ չլինի, ապա ոչ մի մասնավոր ընկերություն ունակ չի լինի լիարժեք ապահովել ուղեւորների ու բեռների անվտանգ փոխադրումը։ Ռուս խաղաղապահների պահվածքն Արցախում, Բերձորի միջանցքի ճակատագիրն ասածիս առարկայական օրինակն է։ Բացի այդ, արդյոք ՀՀ իշխանությունները որեւէ երաշխիք ունե՞ն, որ այդ միջնորդ մասնավոր ընկերությունը գործը սկսելուց հետո չի դառնա Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի կամ մեկ այլ պետություն ներկայացնող գործարարի սեփականություն։
-Տավուշում Ադրբեջանին գյուղեր հանձնելու ժամանակ Կանոնակարգ մշակելու անհրաժեշտություն չէր առաջացել, բայց օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ -ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության՝ այս վարքագիծը։
-ՀՀ իշխանությունները կապիտուլյացիայի են ենթարկվել, ինչը ենթադրում է հաղթած կողմի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, պահանջների կատարում։ Միաժամանակ, գործընթացն այնպես է կազմակերպված, որ պարտված կողմի հասարակությունը իրավահավասարության պատրանքը պահպանի։ Սա կարեւոր է գործընթացի հետագա «արդյունավետությունը» պահպանելու, ուստիեւ՝ Հայաստանում իշխանափոխության նվազագույն հեռանկարները կանխելու համար։ Զավեշտն այն է, որ ՀՀ իշխանություններն իրենց կապիտուլյացիան ճանաչել են անգամ առանց պաշտոնապես պատերազմող կողմ հանդիսանալու։
-Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով արցախահայության՝ Արցախ վերադարձի հարցին, նշել էր, որ այն ընկալումներով, որոնցով փորձում են առաջնորդվել արցախահայության վերադարձի հարցում՝ իրատեսական չէ եւ հակոտնյա է ՀՀ պետական շահին, բայց մյուս կողմից «Միասին» շարժումը պահանջում է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի վերադարձն Ադրբեջան։ Համամի՞տ եք Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ, Դուք այս հարցով ի՞նչ կարծիք ունեք։
-Փաշինյանի ու վերջինիս թիմի քաղաքական պլատֆորմը բացառում է Արցախի հայության վերադարձի եւ Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրների արծարծումը։ Ես գտնում եմ, որ այս խնդիրներով անհրաժեշտ է լրջորեն զբաղվել, ընդ որում դրանց լուծումները մեթոդական տարբեր մոտեցումների հիման վրա է պետք բանաձեւել։
-Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. «Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի»։ Մասնավորապես նաեւ հայտնել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար։ Այս հայտարարությունը հակասության մեջ չի՞ մտնում իրանական կողմի այն պնդումներին, որ Թեհրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը սահմանների եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։
-Իրանին ձեռնտու կլինի, որպեսզի Նախիջեւանի հետ ցամաքային կապի վերահսկողությունն իր ձեռքում լինի։ Դա կարող է Իրանի համար աշխատող տարբերակ դառնալ, եթե Սյունիքի տարածքով հաղորդակցության հարցը չլուծվի։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ ռազմագերիների վերաբերյալ մասնավորապես իշխող ուժի՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մեկնաբանությունները. օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքել, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ գերիների վերադարձին վերաբերող գործողությունները չպետք է հանրայնացվեն։ Ի՞նչ գնահատական կտաք։
-ՀՀ իշխանությունների պահվածքը ենթադրել է տալիս, որ Բաքվի բանտում պահվող Արցախի Հանրապետության նախկին եւ գործող պաշտոնյաների ճակատագիրը նրանք դիտարկում են որպես Ադրբեջանի ներքին խնդիր եւ տրամադրված չեն նրանց ազատ արձակման հետ կապված ակտիվ դերակատարում ունենալ։ ՀՀ գործող իշխանությունների համար Արցախն Ադրբեջանի մաս է եւ վերջ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2024