Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ եւ անծանոթ Փարաջանով

Սեպտեմբեր 14,2024 12:00

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Փարաջանովի թանգարանը՝ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ օրերս հրավիրել էին միջազգային գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Բազմաբնույթ զեկուցումներում բացահայտվեցին փարաջանովյան տաղանդի տարբեր դրսեւորումները:

Ըստ էության, կայացած գիտաժողովը կարելի է վերնագրել՝ ՀՀ ԳԱԱ  Արվեստի ինստիտուտի ներդրումը Հայաստանում փարաջանովագիտության ձեւավորման ու զարգացման գործում:

Զրույցի հրավիրեցինք Արվեստի  ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանին, որոնք մեր դիտարկմամբ՝ առաջին անգամ բացահայտեցին Փարաջանովի գործունեության դրվագները:

Աննա Ասատրյանը հանգամանորեն ներկայացրեց այն մեծ դերը, որն ունեցել է տաղանդավոր կինոգետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Հեռուստատեսության եւ կինոյի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Կարեն Քալանթարը Փարաջանովի ստեղծագործական  ուսումնասիրության գործում:

«Փարաջանովի արվեստի ուսումնասիրությանը նվիրված Կարեն Քալանթարի մենագրությունը, որը կարեւոր հանգրվան է միջազգային փարաջանովագիտության ասպարեզում եւ հուսալի հիմք դարձավ հետագա ուսումնասիրությունների համար, հրատարակվել է 3 անգամ՝ 2 անգամ ռուսերեն՝ (1998) եւ Սանկտ Պետերբուրգում (2023) եւ մեկ անգամ հայերեն՝ Երեւանում (2012)»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, թե  փարաջանովագիտության մեջ Վարպետի եւ Քալանթարի անուններն ասես միահյուսվել են, քանի որ վերջինիս կինոգիտական հետաքրքրությունների առանցքում է հարատեւ գտնվել Փարաջանովի ուսումնասիրությունը: 1998-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվեց Քալանթարի «Очерки о Параджанове» հիմնարար մենագրությունը՝ կինոգետի կարապի երգը:

«Մենագրությունն առաջ բերեց ինչպես գիտական աշխարհի, այնպես էլ կինոաշխարհի ներկայացուցիչների հիացական արձագանքները: Կինոգիտական ուսումնասիրության աներկբա հաջողության գրավականն այն էր, որ Վարպետ կինոռեժիսորի արվեստը քննության էր առել Վարպետ կինոգետը, ով ոչ միայն տաղանդավոր գիտնական էր, այլեւ հայաստանյան կինոպրոցեսի ակտիվ մասնակից»,- տիկին Ասատրյանը հավաստիացրեց նաեւ, թե  Փարաջանովի կինոարվեստում, նրա ֆիլմերի յուրաքանչյուր կադրում, դրվագում, տարածական իրավիճակի ու կառուցվածքի, մետաֆորիկ նկարչագեղ հյուսվածքի, բազմագունության եւ բազմաձայնության մեջ գրքի հեղինակը նկատում-տեսնում ու ընթերցողներին համբերատար բացատրում է, թե ինչպես է հռչակավոր ռեժիսորը տեսարանային տեսարժան, տոնական հանդիսավոր եւ, միաժամանակ, իմաստալից գեղեցկություն հաղորդել այն ամենին, ինչին դիպչել է նրա գեղասեր խորամուխ աչքը: Գրքի ակնարկներում, կենսագրական տվյալներից զատ, կինոգետը հանգամանորեն կանգ է առնում ու բազմակողմանի խոր վերլուծության ենթարկում Փարաջանովի ավարտուն եւ անավարտ լավագույն ֆիլմերը: Ի դեպ, Աննա Ասատրյանը զեկուցման մեջ անդրադարձել է նաեւ արվեստագիտության թեկնածուներ Համբարձումովի եւ Վերոնիկա Ժուրավլյովայի փարաջանովագիտական հետազոտություններին եւս:

Ծովինար Մովսիսյանը նախ նշեց, թե քչերին է հայտնի, որ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի լիբրետոյի հեղինակն ի սկզբանե եղել է Սերգեյ Փարաջանովը, մանրամասնելով՝ հայտնեց. «Առաջին անգամ այդ մասին իմացա 90-ականներին, երբ առիթ ունեցա անձամբ շփվելու կոմպոզիտորի հետ՝ «Էդգար Հովհաննիսյան. Կյանքս հուշերում» ինքնակենսագրական հուշապատում-գրքի վրա աշխատելու առիթով: «Սասունցի Դավիթ» օպերա-բալետին նվիրված արխիվային ալբոմներից մեկում պահվում էին լիբրետոյի ձեռագիր էջերը: Առաջին անգամ այդ տեքստն ամբողջությամբ հրատարակվեց վերը հիշատակված գրքում, որի կազմողն ու տեքստի հեղինակն եմ եղել: Կոմպոզիտորների հետ համաձայնության եկանք, որ լիբրետոն չի կարող մնալ փակի տակ, եւ անհրաժեշտ էր հանրայնացնել այդ փաստը: Բայց անգամ հրատարակվելուց հետո այն չունեցավ արժանի արձագանք: Գուցե ժամանակներն էին ոչ նպաստավոր: Գիրքը լույս տեսավ 1998 թվականի դեկտեմբերին, կոմպոզիտորի մահվանից անմիջապես հետո, առանց աղմկալի շնորհանդեսների»: Մեր զրուցակիցը նշեց, որ լիբրետոն գրվել է 1969-ին, ռուսերեն է, չափածո հանգավորմամբ, ձեռագիր է, անգամ որոշ խմբագրական ուղղումներով հենց ձեռագիր տեքստի վրա:

Առաջին տողերից ընթերցողին գրավում է պոեզիայի, թատրոնի, մնջախաղի, կինոյի զուտ «փարաջանովյան» աշխարհընկալումը:

«Ցավոք, ժամանակին, խորհրդային գաղափարախոսության սահմանափակումների եւ, ի վերջո, արգելքի հետեւանքով կոմպոզիտորը ստիպված էր հրաժարվել Փարաջանովի լիբրետոյից: Սակայն, հետագայում, 1976-ին, օպերա-բալետ բեմադրության ընթացքում, «նախնական լիբրետոյի» հեղինակի կարեւորագույն գեղագիտական գաղափարադրույթները, պատկերային, գունային ու հնչյունային պատկերացումները հիմք հանդիսացան ոչ միայն ստեղծագործության երաժշտական, այլ բեմական մարմնավորման համար»,- խոսքն ավարտեց Ծովինար Մովսիսյանը:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30