Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ որոշումը. iravaban.net

Սեպտեմբեր 13,2024 21:01

iravaban.net. Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։

Iravaban.net-ի փոխանցմամբ` գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Որոշումն իրավական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց մեղադրանքի փաստական հանգամանքները փոխելու մեղադրանքի իրավական գնահատականը փոխելու իրավական կառուցակարգի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի այս գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար։

Դատարանն արձանագրել է նաև, որ Հակակոռուպցիոն դատարանը նոր քննության ընթացքում, հիմք ընդունելով այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է վերացնի թույլ տրված խախտումները և արդյունքում հանգի համապատասխան հետևության։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

 

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։

Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30