Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել». Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանը հրաժարվում էր ցուցմունք տալուց

Սեպտեմբեր 13,2024 19:50

«Երկրորդ հարցաքննության ժամանակ ինձ ճնշել են, մթնոլորտը լարված էր: Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել: Ասում էր՝ հիմա, որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ: Քննիչը փորձում էր վերափոխել իմ միտքը: Բաներ կար, որոնց հետ ես համաձայն չէի, նա ինձ ուղղորդում էր: Նաեւ, որոշ բաներ ես չէի հիշում, ինձ ասում էր՝ ո՞նց կարող ես չհիշել: Հարցրել է՝ ինչ-որ մարդկանց ճանաչե՞լ եմ, ասել եմ՝ այո: Հետո ձայնագրություն է դրել, հրաժարվել եմ մեկնաբանել: Անգամ իմ գրած արձանագրության ստորակետն էր խնդրահարույց դառնում: Ու հիմա եթե դատարանը կբավարարի իմ ցուցմունք չտալու իրավունքը, եթե ես դրա իրավունքն ունեմ, ես կհրաժարվեմ ցուցմունք տալուց»,- այսօր դատարանում հայտարարեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար Անի Ռափյանը:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում էր ՀՀԿ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար Անի Ռափյանը դատակոչվել էր, իբրեւ վկա:

Անի Ռափյանի պաշտպանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում երեք անգամ է նա հրավիրվել հարցաքննության ու հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ողջամիտ մտավախություններ է ունեցել, որ իր ցուցմունքներն իր դեմ կօգտագործվեն: Պաշտպանը հայտարարեց նաեւ, որ Անի Ռափյանի հարցաքննությունը դատավարական խախտումով է եղել՝ չի տեսաձայնագրվել, ինչն առավել խորացրել են նրա կասկածները:

«Ըստ էության, Անի Ռափյանը՝ հարցաքննվելով կասկածների շուրջ, որեւէ որոշում չի ստացել՝ քրեական հետապնդումից հրաժարվելու հետ կապված: Տպավորություն է, որ նրան ոչ թե որպես վկա են հարցաքննել, այլ հարցերը եղել են կասկածի շուրջ»,-ասաց Անի Ռափյանի փաստաբանը՝ հավելելով, որ ինքը դատարանում է տեղեկացել, որ իր պաշտպանյալի գործը անջատված մաս է եւ իր ավելի է մեծանում կասկածը, որ պաշտպանյալի ցուցմունքը, մայր գործում, կարող է օգտագործվել նրա դեմ: Պաշտպանը նաեւ հայտարարեց, որ նոր է ստանձնել Անի Ռափյանի պաշտպանությունը, ուստի, նախաքննական նյութերին չի տիրապետում եւ իր հայտարարություններն անում է իր պաշտպանյալի հետ զրույցի հիման վրա:

«Ինչ նա այստեղ հիմա ներկայացնում է, ասում է իմ ասածի ու պատմածի հիման վրա: Բայց համաձայն եմ այն ամենի հետ, ինչ նա հիմա այստեղ ասաց»,- ասաց Անի Ռափյանը՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում, երկու անգամ հարցաքննվել է առանց փաստաբանի:

Հանրային մեղադրողը առարկեց՝ ասելով, որ Անի Ռափյանի պաշտպանի տպավորությունները սխալ են, որեւէ հիմնավորում կամ արձանագրում չկա, որ Անի Ռափյանը հարցաքննվել է կասկածի շուրջ՝ միջնորդելով հրապարակել Անի Ռափյանի նախաքննական ցուցմունքները:

Հարցի շուրջ դիրքորոշում հայտնեցին նաեւ գործով հիմնական մեղադրյալ Արմեն Աշոտյանի պաշտպանները՝ հայտարարելով, որ որեւէ մեկի ցուցմունքից որեւէ կաշկանդվածություն չունեն:

Ի վերջո, որոշվեց Անի Ռափյանի հարցաքննությունը հետաձգել հաջորդ նիստին՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ նա երկու ամսեկան երեխա ունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30