Մեդիա կենտրոնի կազմակերպած «Պիտանի են ծառայությանը, բայց ի՞նչ գնով. ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները» թեմայով քննարկմանը ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության բաժնի պետի ժ|պ Արեն Սարգսյանը ներկայացնելով ապրիլի 29-ից օգոստոսի 15-ը հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչի իրականացման ընթացքը, որպես պատասխանատու ստորաբաժանման ղեկավար գնահատեց պատշաճ մակարդակով կազմակերպված եւ սպասվածից որակյալ անցկացված: «Իհարկե, գործընթացում պարբերաբար տեղ են գտնում խնդիրներ, որոնք պահանջում են արագ արձագանքում, լուծումներ:
Որպես նախորդների հետ համեմատած առանձնահատուկ փոփոխություն, այս զորակոչը միակն էր, որ ամբողջությամբ սկսվեց եւ անցավ քաղաքացիների առողջության վիճակի հետազոտման գործընթացը էլեկտրոնային ԱՐՄԵԴ ծրագրով իրականացնելով, որի ընթացքում զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիները հետազոտության ուղեգրվեցին եւ հետազոտական արդյունքները զինկոմիսարիատ հասան բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը բացառեց մարդկանց մասնակցությունը գործընթացին: Առաջին զորակոչն էր, որ զինկոմիսարիատները առնչվեցին բուժհաստատությունների հետ հնարավորինս քիչ եւ գրեթե շփում չկար բուժհաստատություն-զինկոմիսարիատ մակարդակում:
Այսինքն, ավարտվե՞ց զորակոչիկի բուժհետազոտումը, տվյալները ներբեռնվեցի՞ն համակարգ, յուրաքանչյուր զորակոչիկ ուներ դրանց ծանոթանալու հնարավորություն, ինչը իմ գնահատմամբ թափանցիկության, իրազեկության եւ մարդու՝ իր վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքի, պաշտպանված լինելու տեսակետից բացառիկ հնարավորություն է»,-ասաց նա:
ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը խոսեց ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքների զգալի աճի մասին: Նա տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդի, իրենք ստացել են կրկնակիից ավելի դիմումներ, ինչը կապեց անձանց իրազեկվածության ավելացման հետ: «ՄԻՊ-ը մի շարք աշխատանքներ իրականացրեց, որոնք ուղղված էին եւ զորակոչիկներին եւ նրանց ծնողներին նրանց իրավունքները պարզաբանելուն, բժշկական հանձնաժողովների որոշումները բողոքարկելուն եւ ՄԻՊ-ին դիմելու ընթացակարգերին: Եվ դրա համատեքստում այս ամառային զորակոչի ընթացքում ստացանք 145 գրավոր եւ բանավոր բողոք»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Բանախոսի ներկայացմամբ բողոքները մեծամասամբ նույնն են, ինչ նախորդ զորակոչերի ժամանակ. Բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկում, կրկնակի ստուգիչ հետազոտություն անցնելու խնդրանքներ, իրենց վերաբերելի բժշկական փաստաթղթերը ստանալու հետ կապված հարցեր եւ այլն: Նա ընդգծեց նաեւ, որ զինկոմիսարիատների վերաբերյալ բողոքները նվազել են եւ բողոքների հարթակը զինկոմիսարիատներից տեղափոխվել է դեպի առողջապահական հաստատություններ:
Անդրանիկ Եղոյանը որպես լուրջ խնդիր նաեւ արձանագրեց, որ մի որոշակի ժամանակ ԱՐՄԵԴ համակարգը ընդհանրապես չէր աշխատում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազենի Մովսեսյանը խոսեց ուղեգրումների հետ կապված խնդիրների մասին, երբ առողջական վիճակի ուղեգրումները ամբողջական չեն: «Այսինքն, զորակոչիկն ունենում է առողջական խնդիրներ, բայց ուղեգրում են դրանցից մի մասով՝ մյուս մասը համարելով ոչ այնքան հրատապ, ոչ այնքան կարեւոր եւ էական: Խնդիր է, որ երբ այս պարագայում զորակոչիկը մոտենում է տարածքային ստորաբաժանում եւ պնդում, որ իրեն ուղեգրեն իր մի քանի գանգատների հիման վրա, նրան տեղեկացնում են, որ նա արդեն ունի բավական թվով ուղեգրեր: Այսինքն, թվին է ուշադրություն դարձվում, այլ ոչ թե հենց խնդրին»:
Բանախոսները վեր հանեցին զորակոչը պատշաճ կազմակերպելուն խոչընդոտող բովանդակային, տեխնիկական այլ բնույթի խնդիրներ, առկա ռիսկեր եւ բացթողումներ եւս, որոնք արագ լուծումների եւ կարգավորումների անհրաժեշտություն ունեն, քանի որ կապված են զորակոչիկների առողջության եւ կյանքի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ