Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է նոր գույք. ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբեր 13,2024 19:01

«Կահավորվում են նաև հանդիսությունների սրահները: Բոլոր դպրոցներին տրամադրվում են էլեկտրոնային դաշնամուրներ, քանի որ արվեստով զբաղվելու հնարավորություններն ընդլայնելու համար նաև համապատասխան միջավայրի և գույքի կարիք կա: Նոր մարզագույքի պարտադիր ցանկերում ներառվել են նաև թենիսի սեղանները, ինչը կօգնի, որպեսզի դպրոցականների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարերը դառնան ավելի մասսայական: Այս օրերին ավագ դպրոցներին նաև հեծանիվներ են բաշխվում, քանի որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար անցկացնել հեծանվավազքից՝ դարձյալ դպրոցականների շրջանում: Մեծ թվով դպրոցներ արդեն նաև լաբորատոր գույք են ստացել»,- տեղեկացրել է նախարարը:

Նա նաև նշել է, որ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը Երևանի  և ՀՀ բոլոր մարզերի դպրոցները պետք է հագեցված լինեն «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաններ» առարկաների լաբորատորիաներով:

Դասագրքեր

ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով դասագրքերի տպագրության և բաշխման գործընթացին, տեղեկացրել է՝ դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներն իրականացվել են սահմանված կարգով, և բոլոր այն ուղղություններով, որոնցով առկա են եղել երաշխավորված դասագրքեր, դրանք տպագրվել և բաշխվել դպրոցներին մինչև ուսումնական տարվա մեկնարկը:

«Դրանք տպագրվել են՝ ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի ու պահանջարկի և բաժանվել են բոլոր դպրոցներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ որևէ ուշացում, ձգձգում կամ հավելյալ դժվարություն այս առումով չի եղել:

Նա տեղեկացրել է, որ ՀՊՉ ներդրման շրջանակում նոր ստեղծվող դասագրքերից  որոշները չեն երաշխավորվել՝ համապատասխան հայտեր չլինելու կամ սահմանված շեմը չհաղթահարելու հանգամանքով պայմանավորված:

«Դպրոցներին հանձնարարվել է 10 դասագրքերի փոխարեն, որոնք չեն ստեղծվել կամ չեն հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, այս ուսումնական տարում դասերը կազմակերպել հին դասագրքերով»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ դրանք հիմնականում օտար լեզուների ու 10-րդ դասարանի «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերն են, իսկ  «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի բացակայությամբ պայմանավորված՝ դասապրոցեսն անհրաժեշտ է կազմակերպել Տավուշի մարզում կիրառված ուսումնական նյութերով և, ըստ անհրաժեշտության, օգտվել հին դասագրքերում առկա նյութերից։ Վերջինիս պարագայում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի գործնական միջավայրում, և դասագրքի  առկայությունն այստեղ ավելի շատ աջակցող բնույթ է կրում, քան առանցքային:

«Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից: Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին, նման մեծածավալ աշխատանքում վրիպակները չեն բացառվում, թեև այս տարի շատ ավելի մանրամասն է կատարվել դասագրքերի փորձաքննությունը: Դասագրքերում վրիպակների առկայության պարագայում արվում են շտկումներ, ինչը  բնականոն աշխատանք է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագրքին՝ նշելով, որ նոր չափորոշչի ներդրման շրջանակում նոր դասագիրք չի երաշխավորվել, հետևաբար այդ առարկայի ուսուցումն ուսումնական նյութերով է կազմակերպում: Նոր դասագրքի մրցույթը, ըստ նախարարի, արդեն  հայտարարված է:

Ուսուցչի թափուր հաստիքների մասին

Ասուլիսի ընթացքում նախարարին հարց է ուղղվել նաև այս պահին դպրոցներում առկա ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս ուսումնական տարվա ճշգրիտ տվյալները սեպտեմբերի 16-ից հետո կլինեն:

«Թափուր տեղերի որոշակի թվաքանակն իրականում փոփոխական է. մենք պետք է հասկանանք, որ համակարգում կա շարժունություն: Ավելի շատ պետք է խոսենք ուսուցչական այն թափուր տեղերի մասին, որոնցով պարբերաբար մրցույթ է հայտարարվում, բայց համալրում չի լինում. տարեկան շուրջ 600-700  այդպիսի տեղեր են լինում: Խոսքը հիմնականում այն առարկաներին են վերաբերում, որոնք քիչ ժամաքանակ ունեն»,- ասել է նախարարը:

Դպրոցի տնօրենի նշանակման մասին. ինչո՞ւ շատերի ծրագրերը չեն հաղթահարում փորձաքննությունը 

Տնօրենների նշանակման նոր պահանջների սահմանումը 2022 թվականին «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխությամբ մեկնարկած բարեփոխումների տրամաբանության շարունակությունն է: Դրանով դպրոցի բովանդակային կառավարումն առանձնացվել է վարչատնտեսականից: Տնօրենների համար սահմանվել են խիստ բովանդակային պահանջներ՝ կրթության կազմակերպման և կրթության որակի ապահովման տեսանկյունից:

«Այդ հիմքով վերանայեցինք տնօրենների նշանակման ամբողջ ընթացակարգը. ներդրվել է եռափուլ համակարգ: Ըստ այդմ՝ ինչպես նախկինում, ներկայում ևս գործում է հավաստագրման փուլը, որն առավել պարզեցվել է. գրավոր և բանավոր փուլերի փոխարեն մնացել է միայն գրավորը: Տնօրենի պաշտոնում աշխատել ցանկացող անձինք պետք է հավաստագիր ունենան՝ մասնակցելով գրավոր թեստավորման: Հավաստագիր ունենալուց հետո տվյալ անձը կարող է դիմել որևէ թափուր տեղի մրցույթի և ներկայացնել զարգացման ծրագիր, որը փորձաքննվում է արտաքին, պատվիրակված երկու կազմակերպություններից մեկի կողմից՝ գնահատման հստակ սանդղակով: Ներկայացված ծրագրերի շուրջ 85%-ը չի հաղթահարում փորձաքննության շեմը: Իրականում, զարգացման ծրագրի ճիշտ կամ սխալ տարբերակ չկա. ճիշտ է այն զարգացման ծրագիրը, որն արտացոլում է տվյալ դպրոցի խնդիրները: Իսկ խնդիրները տարբեր դպրոցներում տարբեր են: Յուրաքանչյուր հավակնորդ պետք է  կարողանա իր դպրոցի խնդիրները վերլուծել և լուծումներ առաջարկել,- ասել է նախարարը և հավելել,-այն որ հավակնորդների 85%-ը չի հաղթահարում շեմը, նշանակում է՝ ունենք կարողությունների խնդիր»:

Հաջորդ քայլը՝ ծրագրի փորձաքննությունից հետո նախարարությունում տեղի ունեցող հարցազրույցն է, որը վերաբերում է կրթության կազմակերպման բովանդակային խնդիրներին: Զարգացման ծրագրի շեմը հաղթահարած հավակնորդների շուրջ 60%-ը չի հաղթահարում նաև հարցազրույցի փուլը:

«Ոլորտում առկա կարողությունների խնդրով պայմանավորված՝ վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկել, որն իրականացվում է  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Եվրամիության և «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ներկայում դիմումների ընդունելության փուլն է ընթանում, որից հետո հավակնորդների համար կիրականացվի վերապատրաստման դասընթաց»,-ասել է նախարարը:

Տարածաշրջանային լեզուների ուսուցման մասին

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային լեզուների դասավանդմանը. «Լեզուների ուսուցումն իրականացվում է հիմնականում երրորդ օտար լեզվի կամ խմբակների ձևաչափով: Դպրոցների մեծ մասում դեռևս խմբակների ձևաչափն է պահպանվում: Նախորդ տարվա տվյալներով մենք ավելի քան 20 դպրոցներում ունեինք տարածաշրջանային 4 լեզուների ուսուցում: Այս տարվա ցուցանիշները պարզ կլինեն արդեն այս ամսվա վերջի դրությամբ: Չեմ կարծում, որ թվի շատ մեծ աճ կգրանցենք, որովհետև ավելի մեծ թվով դպրոցներում այս լեզուների ուսուցման կազմակերպման համար հիմնական խնդիրը մասնագետների պակասն է: Մենք երաշխավորել ենք ծրագրերը, որոնք արդեն բաց են օգտագործման համար. դպրոցները, ըստ պահանջարկի  և մասնագետի առկայության, կարող են այդ ծրագիրն իրականացնել խմբակի կամ երրորդ օտար լեզվի ուսուցման ձևաչափով»:

Նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ընթացքում, բացի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերից, պատասխանել է նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների վերաբերյալ քաղաքացիների հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են նախարարության ֆեյսբուքյան էջի և էլ. փոստի միջոցով: Քաղաքացիների այն հարցերը, որոնց նախարարը ասուլիսի ընթացքում չի հասցրել պատասխանել, կստանան առանձին անհատական պատասխաններ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30