Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային իրավունքը կա, ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, ԼՂ բնակչությունը պետք է վերադառնա»․ Օկամպո

Սեպտեմբեր 13,2024 18:06

«Ուղերձը շատ հստակ է՝ ազատեք հայ պատանդներին, դադարեցրեք ցեղասպանությունը, վերջակետ։ COP29-ը վճռորոշ է լինելու հայ պատանդների համար»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա նշեց՝ բոլոր հայերն ամբողջ աշխարհում պետք է այդ ջանքերը գործադրեն եւ նպաստեն, որ ազատ արձակեն հայ պատանդներին։ «Սա է հիմնական հիմքը, առանցքը։ Մենք Հայաստան եկել ենք՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Վաղը ես հանդիպելու եմ կաթողիկոսի հետ, երեկ հարավ եմ ճամփորդել, տեսել եմ սահմանը Ադրբեջանի հետ, տեսել եմ սահմանամերձ գյուղեր։ Այսօր հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ։ Այսինքն՝ սա նպատակ է՝ ազատ արձակելու պատանդներին, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, եւ մենք դրանով զբաղվում ենք։ Եվս երկու ամիս ժամանակ ունենք դրանով զբաղվելու՝ մինչեւ COP29-ը։ Ես վստահ եմ, որ դուք պետք է հստակ հիշեք՝ հայերը միայնակ չեն, եւ այսօր ցանկացած միջազգային քննարկման տիրույթում կարող ենք տեսնել պահանջատիրություն հայերի կողմից։ Հայերն իրապես կարողանում են համադրել այս ուժը, կորովը եւ առաջ շարժվել»,- ասաց նա։

Օկամպոն նշեց, որ անկախ դատավորներ Ադրբեջանում չկան, հետեւաբար, դատավարություն ու արդար քննություն չկա։ «Եվ չկա միջազգային տրիբունալ։ Ի՞նչ ենք մենք պլանավորում անել՝ հայ ժողովուրդը, ոչ կառավարությունը, ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայերին պետք է դիմի եւ խնդրի, պահանջի, որ Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել պատանդների։ Դա յուրահատուկ կարողություն է, որն ունի հայկական սփյուռքը»։

Անդրադառնալով հարցին, որ միջազգային իրավունքը չի գործում, նա ասաց․ «Արցախի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում լսեցի, ասացին, որ կեղծ է միջազգային իրավունքը, ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանս հետեւյալն է՝ այո, հիասթափեցնող է այս իրավիճակը, բայց չի կարելի ասել, որ միջազգային իրավունքը զրո է, ոչ մի բան չարժե։ Կախված է նրանից, թե մենք ոնց ենք դրանից օգտվում, ոնց ենք այն գործադրում։ Այսօր լավագույն օրինակը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Հայաստանը 1993 թվականի պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին՝ պահպանելու համար այդ հաղթանակը։ Եվ հիմա հետեւանքներն են, վճարում է իր սխալների դիմաց։ Բայց միջազգային իրավունքը կարեւոր է, Ադրբեջանը պարտավոր է հասկանալ եւ հարգել միջազգային իրավունքը, որովհետեւ հետեւանքներ կլինեն Ադրբեջանի համար։ Նախքան միջազգային դատարանի վճիռը՝ Ադրբեջանը մասնակցություն է ունենում վճիռներին։

Մենք գիտենք, որ ԼՂ բնակչությունն իրավունքներ ունի, այսօր ես առաջարկեցի լուծումը արցախցիների առաջնորդներին, եւ մենք հիմա կարող ենք պարզապես քննարկել, թե ոնց ենք պլանավորելու վերադարձը, եւ ինչպես է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները, թե ինչպես պետք է այդ իրավունքներն իրացվեն։ Բայց աշխատանքային պլան է պետք՝ արցախցիների կողմից մշակված։ Իրավունքը կա, եւ մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, կիրառելու։

Ես միշտ հիշում եմ՝ նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, ամեն ինչ տեսել էր այդ մարդը։ Եվ երբ հարցրեցինք՝ ի՞նչ անենք, երեք խորհուրդ տվեց՝ երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք։ Եվ հայերը, կարծում եմ, որ դա շատ լավ գիտեն, թե ինչ է տոկունությունը, դիմակայությունը։ Երբ ես եկա այս երկիր, ինձ պատմում էին, թե ինչ դաժանություններ էին տեղի ունենում Արցախում ու Հայաստանում։ Այս պահին միջազգային հանրությունը ձեր կողմից է»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ ցեղասպանություն կատարածն հանցագործները պետք է հայտնվեն բանտերում։ «Հարյուրից ավելի անդամ երկիր է միացել Ցեղասպանության մասին կոնվենցիային, եւ նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն։ Կանխելը նաեւ նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել։ Եվ հուսով եմ, որ խաղաղության այս գործընթացն ավարտին կհասցվի, բայց դա այլ հարց է՝ ցեղասպանություն արդեն կատարվել է Լեռնային Ղարաբաղում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա կպահանջի։ Հայաստանը միացել է ՄՔԴ-ին եւ այժմ անդամ երկիր է, հանցագործություն է եղել, ՄՔԴ-ն այստեղ իրավազորություն ունի։

Դատավոր Կասիա Աբգարեանը ապրիլի 18-ին գնացել է Հաագա եւ ներկայացրել մի շատ հետաքրքիր գործ՝ փաստական հանգամանքներով ցույց է տվել, թե ինչպես է այս պահին Հայաստանում տեղի ունենում ցեղասպանություն։ Որոշ գյուղեր ոչնչացման եզրին կանգնած՝ ենթարկվել են նույն ցեղասպանության։ Եվ ես չգիտեմ՝ թե երբ է քննությունը սկսվելու։ Բայց Ալիեւը գիտի, որ հարձակվելով այս ուղղությամբ, արդեն կարող է մեղադրանքի արժանանալ։ Այսինքն, միանալով ՄՔԴ-ին, Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ։ Եվ մենք կցանկանայինք հասկանալ, թե ոնց ենք այն օգտագործում՝ պաշտպանելու նաեւ ԼՂ բնակչության իրավունքները, որպեսզի նրանք վերադառնան»,- նշեց Օկամպոն։

Հարցին, թե քաղաքական կամք տեսնո՞ւմ է ՄՔԴ-ում՝ քննելու այդ գործերը, նա պատասխանեց․ «Քաղաքական կամք չկա ՄՔԴ-ում, ՄՔԴ-ն գործերը վարում է ըստ ծանրության։ Եվ այսօր 100 հազարավոր մարդիկ սպանվում են Ուկրաինայում, ՄՔԴ-ն ուշադրություն է դարձնում, հետո պաղեստինյան հարցն է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30