«Փաստինֆո». Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը, քննարկվող հարցը՝ կրկին առողջական վիճակով պայմանավորված Խաչատրյանի բացակայությունը։
Նշենք, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը 4,5 տարի քննվելուց հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին, որի որոշմամբ քրեական գործն, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, այժմ գտնվում է դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։
Այսօր, թեև դատական նիստում ներկայացել են գործով վկաները՝ փորձագետները։ Մեղադրող Գևորգ Սարգսյանը պետք է հրապարակեր մեղադրական եզրակացությունը, սակայն՝ քննարկման առարկա դարձվեց Խաչատրյանի բացակայության հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, շտապօգնության բրիգադը չի կարողացել նրան ներկայացնել դատարան։ Մեղադրողը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Խաչատրյանի բացակայությամբ քննություն իրականացվել չի կարող, սակայն, հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս Խաչատրյանը կամ չի ներկայացել, կամ առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել են նիստերը, ուստի, ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու, թե արդյոք նա կարող է մասնակցել նիստերին, թե՝ ոչ, նրա բացակայությամբ կարող է քննարկվել միայն այդ հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց՝ գտնում է, որ հնարավոր է Խաչատրյանի բացակայությամբ փորձագետներին հարցաքննել, հնարավոր է դատական նիստը շարունակել այդ առումով։
«Ամեն անգամ, երբ այս պրոցեսը երկարում է, առողջական վիճակը վատթարանում է, որովհետև թույլ չի տրվում, որ վիրահատության ենթարկվի։ Այս ամենը տեսել ենք, Կենտրոն դատարանում փորձաքննություն է նշանակվել, հիմա նույնը անե՞նք, ձգձգման հարց կլինի։ Նախորդ նիստին միջնորդեցի դատարանին․ որ թույլ տան՝ Գագիկ Խաչատրյանը մեկնի արտերկիր՝ վիրահատության, դատարանը որոշեց փորձագետների հրավիրել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ դատարանը պետք է հարցաքննի փորձագետներին, հակառակ դեպքում՝ փակուղում կհայտնվեն, պետք է կոմպրոմիսային լուծում տրվի։
Կարդացեք նաև
Դատախազն էլ հակադարձեց՝ «պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել, նիստերը երկու տարի ձգձգելով և հասնելով նրան, որ չկարողանանք ընդամենը երեք հոգու հարցաքննել, որ դատաքննությունն ավարտենք։ Այդ պայմաններում խոսել ձգձգման մասին՝ ողջամիտ չէ»։ Գևորգ Սարգսյանի դիտարկմամբ՝ նախորդ նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել, երբ դատարանը որոշել էր փորձագետներին հարցաքննել, նախապես չեն իմացել, որ Խաչատրյանը չի ներկայանալու, նրա բացակայությամբ պետք է մեղադրական եզրակացություն հրապարակվի՝ առանց դիրքորոշում ճշտելու։
Դատախազը հիշեցրեց պաշտպանի՝ Սեդրակ Առուստամյանի հարցաքննության ժամանակ հայտնած դիրքորոշումը, թե ինչ իմաստ ունի հարցաքննությունը, եթե Խաչատրյանը պառկած է, չի գիտակցում ինչ է կատարվում, հարց չի կարող ուղղել, ապա՝ դատախազը նշեց՝ վկան վկա է, ինչ տարբերություն ով է հարցաքննվում, իսկ եթե Խաչատրյանի բացակայությամբ կարողանային հարցաքննել վկային՝ Սեդրակ Առուստամյանին, ապա վաղուց դատավարությունն ավարտած կլինեին։ Պաշտպանն էլ հիշեցրեց՝ եթե Գագիկ Խաչատրյանին ժամանակին թույլ տրված լիներ մեկնել արտերկիր՝ վիրահատության, ապա նա հաշմանդամություն չէր ունենա այսօր։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։
Իզաբել Սահակյան