Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 12-ին հանդիպել է երկրում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Նա ընդգծել է հայկական համայնքի կարեւոր դերն ու արձանագրել, որ Բելառուսի առաջին ղեկավարներից Ալեքսանդր Մյասնիկյանը հայ է:
Մինսկի հայկական մշակութային եւ կրթական ընկերության «Հայաստան» հասարակական միավորման նախագահ Գեորգի Եղիազարյանը Լուկաշենկոյին առաջարկել է քննարկել հաղթանակի 80-ամյակի առթիվ Բելառուսի մայրաքաղաքի փողոցներից մեկը Հովհաննես Բաղրամյանի անունով կոչելու հարցը:
«Ինչ վերաբերում է մեծն Բաղրամյանին, այդ հարցը մոտ ժամանակներում պետք է քննարկել: Նա բելառուսներիս համար հաստատ ականավոր մարդ է:
Ձեզ լսելով՝ մտածեցի, որ վատ չէր լինի, որպեսզի, ինչպես նախկինում էր, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, բարիդրացիական հարաբերություններ կառուցվեին, ինչպես դուք եք ասում, ձեր երկրորդ հայրենիքի՝ Հայաստանի հետ:
Կարդացեք նաև
Հավատացեք, մենք դրանում բացարձակապես մեղավորություն չունենք: Արդեն այսօր բոլորին, ովքեր հետեւում են քաղաքականությանը, հասկանալի է՝ ինչու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այդպիսի քաղաքականություն վարել եւ վարում: Ինչո՞ւ եմ ասում այսօր: Նրանք Եվրոպական Միությանը անդամագրվելու համար Հայաստանում հանրաքվե անցկացնելու որոշում են կայացրել: Պարզ է, որ դա վաղուցվանից է: Ես Նիկոլ Վովաեւիչին զգուշացրել եմ, որ նման բան անել չի կարելի: Դա եղել է փակ ռեժիմում դեռ Սանկտ-Պետերբուրգից սկսած, երբ նա նոր էր վարչապետ դարձել: Ասում էի. դու երիտասարդ ես, անփորձ: Աշխատիր, շուրջբոլորդ նայիր, ծանոթացիր…Դե, գիտեք, թե նա ինչ գաղափարներով է իշխանության եկել:
Առաջին հարձակումները Բելառուսի վրա էին: Պարզ էր, որ նա նշան էր բռնել մեր վրա, բայց փորձում էր խոցել Ռուսաստանին: Մենք Պուտինի հետ այդ ամենը հիանալի տեսնում ու հասկանում էինք: Ես Պուտինին ասել եմ, նա էլ է ասել, որ մեզ պետք չէ հարաբերությունները սրել, որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե մենք հայերի դեմ ենք:
Այսօր արդեն պարզ է, որ եվրոպացիները, մինչեւ նա այնտեղ անդամագրվի, Հայաստանի ղեկավարությունից պահանջելու են ինչ-որ բան անել: Եվրոպացիների թիկունքում կանգնած են ամերիկացիները: Առանց Ամերիկայի Արեւմուտքում, ոչինչ չի կատարվում: Եվ շրջանառության մեջ են վերցրել Հայաստանը: Նայեք, նույնանման ոչ վաղ անցյալին Ուկրաինայում:
Գիտե՞ք Հայաստանն ինչ վիճակում է գտնվում: Մենք ամեն կերպ ջանացել ենք օգնել Հայաստանին, համագործակցում էինք ինչպես ամենամտերիմ մարդկանց հետ, օգնում էինք ամեն ինչով: Եվ այն, ինչ կատարվեց Ղարաբաղում, դա միայն ու միայն Հայաստանի ղեկավարության մեղավորությունն է:
Զուսպ մարդ եղիր, դու հնագույն քաղաքակրթություն ունեցող երկիր ես ղեկավարում: Մենք դեմ չենք Արեւմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը: Բայց նրանց քաղաքականությունը տեսանելի է: Վաղն Ամերիկայում նոր իշխանություն կգա, անգամ հին նոր իշխանություն: Եվ ուրիշ քաղաքականություն կլինի: Ես մշտապես ձեր ղեկավարությանն ասել եմ. եթե դուք դա չեք հասկանում, ես քաղաքականության մեջ հին մարդ եմ եւ շատ բան եմ տեսել: Նրանց հավատալ չի կարելի: Դե, հավատացեք ու կորցրեք՝ ինչ ունեք: Սա կորցնելով՝ կարող էք այնտեղ ոչինչ էլ չգտնել:
Ոչ մեզ, ոչ Հայաստանին, ոչ էլ Ուկրաինային ոչ մեկը ոչ մի տեղ չի սպասում: Ամեն մեկն իր հարցերով է զբաղված: Նրանք ցանկանում են իրենց հարցերը լուծել ուրիշների հաշվին: Այ, թող ուկրաինացիները ռուսների հետ պատերազմեն, իրար սպանեն: Ու հոգ չէ, որ բոլորն էլ մեռնեն:
Ես ձեր առջեւ չեմ արդարանում, բայց ուզում եմ, որպեսզի հասկանաք, որ Հայաստանի ղեկավարության հետ հարաբերությունների սրման հարցում մեր մեղավորությունը չկա: Հայերը խելացի մարդիկ են, հայերը չեն հանդուրժի աննորմալ քաղաքականությունը, որը հայ ժողովրդին հարիր չէ: Մոտ ժամանակներին իրենք կկողմնորոշվեն, թե որտեղ է իրենց երջանկությունը:
Այնպես որ, ուշադրություն մի դարձրեք այսօրվա վրա: Դա ոչ մի ձեւով չի ազդի Բելառուսի տարածքում ապրող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա: Դուք ինձ համար արդեն հայեր չեք, դուք ինձ համար բելառուս եք: Դուք մեր քաղաքացիներն եք: Հայաստանից, այլ տարածաշրջաններից խեղված ճակատագրի պատճառով եկածներիդ մենք պետք է ընդունենք մեր ընտանիք, ջերմացնենք: Հաշվի առնելով, որ բոլոր եկածները 100 տոկոսով խելացի, գրագետ, իրենց ընտանիքը գնահատող, սերունդ տվող մարդիկ են, ցանկալի կլիներ, որ բելառուս կանացից էլ երեխաներ ծնվեն: Բելառուս կանայք գեղեցիկ են, ցանկալի կլինի համատեղ ընտանիքներ կազմել: Տեսեք, թե այդ ընտանիքներում ինչ երեխաներ են մեծանում: Եկեք ավելի շատ: Տեղ ու աշխատանք բոլորին էլ կբավարարի»: