Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց էր ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողների՝ վերջերս արված հայտարարությունը, որը վերաբերվում էր 8-րդ դասարանի Հայոց պատմության աղմուկ հանած դասագրքին: «Մեկնաբանության կարիք չեմ տեսնում»,-ընդամենն ասաց ԿԳՄՍ նախարարը:
«Եթե մեր կարծիքները ԿԳՄՍՆ-ի կողմից ընդունված չլինելով հանդերձ ինչ-որ հանգամանքներում հայտնվել են սույն դասագրքի հեղինակների ձեռքին, եւ դասագիրքը փոփոխված է ըստ այդմ, ապա այս երևույթն այլ կերպ անվանել, քան գրագողություն, հնարավոր չէ»,-ի թիվս այլնի` նշել էին ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Հակոբ Մուրադյանը, Զոհրապ Գեւորգյանը եւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Արմեն Կարապետյանը:
Նրանց զարմացրել էին նաեւ իրենց կարծիքներում արված դիտողությունների եւ դասագրքի նոր տարբերակում տեղ գտած փոփոխությունների մեծաքանակ համընկնումները: Ըստ հայտարարության հեղինակների, Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը սկզբում երաշխավորված չի եղել, երկրորդ անգամ է ուղարկվել փորձաքննության, ու այս տարվա հուլիսի վերջին արդեն երաշխավորված տեղադրվել է համացանցում, եւ իրենք երաշխավորված դասագիրքը համեմատելով իրենց կարծիքի հետ, պարզել են, որ իրենց դատողությունների զգալի մասը նոր տարբերակում շտկվել է, սակայն անգամ այդ պարագայում նույն դասագրքում մնացել են բազմաթիվ սխալներ ու աղավաղումներ, որոնց պարագայում դասագրքի նոր տարբերակը եւս ենթակա չէ դպրոցներում որպես դասագիրք օգտագործելու:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ