Լրահոս
Օրվա լրահոսը

Նաթիա Նացվլիշվիլի. Երիտասարդներն առավել հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը

Սեպտեմբեր 13,2024 15:50

Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:

Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի` մարդու իրավունքների գծով պաշտոնյա Կլոդ Կահնը տեսաուղերձով անդրադարձել է քննարկվող թեմային՝ ներկայացնելով գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները: Նրա խոսքով այժմ գրասենյակի ուշադրության կենտրոնում են հատկապես այն մարդիկ, որոնք գտնվում են ամենառիսկային, ինչպես նաեւ մարգինալացված, մեկուսացված, առանձնացված խմբերում: Զեկուցողը նշել է, որ սա աշխատանքի եւ ընթացքի մեջ գտնվող գործընթաց է, այստեղ իրականացվում են զարգացման ծրագրեր: Նա ընդգծել է կրթության եւ զարգացման ոլորտներում ռիսկային խմբերում գտնվող անձանց ներգրավելու, բազմազանությունը խթանելու կարեւորությունը: Զեկուցողի դիտարկմամբ պետք է ապահովել երեխաների, հաշմանդամների, էթնիկ եւ կրոնական խմբերի պաշտպանությունը: Պետք է աջակցել երեխաներին եւ այլոց, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը հասարակության մեջ:

Մեքսիկայի Սենատի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ Սինտիա Լոպես Կաստրոն, ելույթ ունենալով թեմայի շրջանակում, նշել է, որ երիտասարդները չունեն հասանելիություն կրթության, որը նրանց համար կապահովի բովանդակալից զբաղվածություն եւ աշխատանքներ: Համաձայն աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների՝ մինչեւ 24 տարեկան 267 մլն կանայք գործազուրկ են, 215 մլն տղաներ զրկված են կրթվելու հնարավորությունից եւ չեն իրացնում իրենց հիմնարար իրավունքները: «Այս խնդիրները խորանում են համաշխարհային ճգնաժամերի հետեւանքով»,- նշել է նա:

ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել է երիտասարդների խնդիրներին՝ նշելով, որ նրանք առավել հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը, երբեմն՝ բազմակի խտրականության: Երիտասարդները բախվում են ֆինանսների, կրթության բացակայությանը, այլ խոչընդոտների: Ըստ նրա՝ երիտասարդների գործազրկության մակարդակը երեք անգամ ավելի մեծ է, քան ընդհանուր գործազրկության մակարդակը: «Իրավիճակը բարելավելու համար միասնական գործողություններ են պետք»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է Նաթիա Նացվլիշվիլին:

Այնուհետեւ հաջորդ նիստում «Երիտասարդների իրավունքների ընդլայնումը ճգնաժամի ժամանակ. ի՞նչ կարող են անել երիտասարդ պատգամավորները» թեմայի շրջանակում մասնակիցները բաժանվել են աշխատանքային խմբերի ու քննարկել ճգնաժամի ժամանակ երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը վերաբերող հարցեր:

Երիտասարդ պատվիրակները ներկայացրել են այս ոլորտում իրենց երկրների փորձը, օրենսդրական մակարդակում իրականացվող քայլերը, հատկապես խոցելի եւ մարգինալացված խմբերի մասով տարվող աշխատանքը: Մտքեր են փոխանակվել կրթության հավասար հնարավորությունների ստեղծման, աշխատաշուկա երիտասարդների մուտքի ապահովման, ոչ ֆորմալ պայմաններում, հակամարտությունների գոտիներում նրանց կրթական, աշխատանքային իրավունքների լիարժեք իրացման շուրջ: Կարեւորվել է բուհերի հետ համագործակցությամբ երիտասարդների վերապատրաստումների անցկացումը, նրանց կարիքների ճշգրիտ գնահատումը, տարբեր ծրագրերում նրանց ներգրավվածության ապահովումը:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը շարունակում է աշխատանքը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30