«Հարցրեք էլի, երբեւէ իմ՝ որպես նախարար պաշտոնավարման ժամանակ մի դեպք կգտնե՞ք, որ նոտարին ասվել է՝ սա վավերացրու, սա՝ չէ եւ այլն: Իսկ նման բաներ, ցավոք եղել են պրակտիկայում, բայց իմ պաշտոնավարման մի քանի ամսից հետո վերացել է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ իր պաշտպանական ճառում ընդգծեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով նոտարին գործից ազատելու մասին իր կողմից հավանական սպառնալիքին, Թովմասյանը շարունակեց. «Ինձ նախորդող նախարարի ժամանակ ընդունվել է օրենք, որ դո՛ւ, նախարար, գործ չունես նոտարին գործից հանելու հետ: Նոտարն անկախ մարմին է, եթե դու վերահսկողություն ես իրականացնում, քեզ որեւէ լիազորություն դա չի տալիս»:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։
«Նորայր Փանոսյանի եւ նախարարի լիազորությունները նոտարների աշխատանքի հետ կապված 100 տոկոսով նույնն է, ինչ դատավորների նկատմամբ: Պատկերացրեք՝ Փանոսյանը գնա մի դատավորին ասի՝ գործից կհանեմ: Այսինքն՝ էս նոտարներն էլ հավի ճո՞ւտ էին, չգիտեի՞ն՝ Փանոսյանն իրենց գործից չի կարող հանել, նախարարն էլ չի կարող: Եթե սպառնալիք է եղել, պիտի գրեին, բայց դրա մասին գործում չկա: Հիմա պիտի հասկանանք՝ էս սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ իրական չէ: Այսինքն՝ իրական չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ