Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ 4 ուղղաթիռ չէիր տալիս Ադրբեջանին, այսօր՝ ռազմական ԱԹՍ, F-16 կործանիչների էսկադրիլիա, Թուրքիայի ողջ գլխավոր շտաբն այնտեղ է». Յըլդըրըմ

Սեպտեմբեր 13,2024 15:03

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յաշար Յըլդըրըմն օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայից տրամադրված ռազմական աջակցության հետ։

«Աբուլֆազ Էլչիբեյը (Ադրբեջանի առաջին նախագահը) Ղարաբաղի 1-ին պատերազմի համար ասել էր՝ «Ի՞նչ ուզեմ 4 ուղղաթիռ չտվողից, Դեմիրելն էլ չտվեց, Օզալն էլ չտվեց»… Մինչդեռ Ղարաբաղի 2-րդ պատերազմում «Ժողովուրդ» դաշինքն այնտեղ իջեցրեց իր F-16 կործանիչների էսկադրիլիան (48 ինքնաթիռ. «Առավոտ»)։ Երեկ 4 ուղղաթիռ չէիր տալիս, իսկ այսօր ԱԹՍ, ռազմական ԱԹՍ, F-16, ողջ գլխավոր շտաբն այնտեղ է։ Ի՞նչ է անում։ Օղուզի հայրենիքն է փրկում, հայից իր հողն է հետ վերցնում», – հայտարարել է որպես ազգայնամոլական գորշ գայլերի քաղաքական թև հայտնի այդ կուսակցության առաջնորդը։

Այսպիսով՝ թուրքական կողմը հերթական անգամ քաղաքական մակարդակով փաստում է իր լիարժեք ներգրավվածությունն Արցախյան 44-օրյա պատերազմին, խոսում այն մասին, որ Ադրբեջանը բացարձակապես միայնակ չէ, որ հաղթանակ է տարել հայկական կողմի նկատմամբ։ Օրեր առաջ էլ այդ մասին հստակ արձանագրում էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ «իրենք կմտնեն Իսրայել այնպես, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»։

Թուրքական մամուլը գրել է նաև այն մասին, որ Ադրբեջանը զենքի գնման պայմանագրեր է կնքել Չեխիայի և Սլովակիայի հետ։ Մասնավորապես ըստ թուրքական defenceturk.net-ի՝ Ադրբեջանի բանակն արդեն իսկ ստացել է Չեխիայից մատակարարվող առաջին 155 մմ L-45 DITA հաուբիցը, որից պատվիրել է 70 միավոր, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը 48 միավոր 155 մմ Nora  հաուբից է ստանալու նաև Սլովակիայից։ Բաքուն շարունակում է մեծաքանակ զենք գնել նաև Իսրայելից, Պակիստանից և այլն։

Այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի հայտարարություններին՝ անժխտելի է, որ պատերազմից հետո նույնպես Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը։ 2020 թվականից հետո բաց աղբյուրներում հրապարակումներ են արվել այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են միայն վերջերս թողարկված «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, «Cobra II» տեսակի զրահամեքենաները և այլ տեսակի զինամթերք։ Ընդ որում՝ «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, ըստ թուրքական կողմի գովազդումների, ունեն ավելի մեծ հնարավորություններ, քանի «Bayraktar TB2»-ը, որի մասին այդքան խոսվել է պատերազմի ընթացքում։

Այս հայտարարությունները դժգոհությամբ են ընդունվում ադրբեջանական կողմում, որտեղից թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ լրատվական-փորձագիտական դաշտում ջանում են պնդել, ամեն գնով ապացուցել, որ «իրենք վճարել են թուրքական զենքերի համար մինչև վերջին կոպեկը և Ղարաբաղում հաղթել են միայնակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30