Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Համահայկական ճակատ շարժումը ցույց անցկացրեց ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատան և միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։ Լրագրողները ցույցի մասնակիցներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չեն խոսում նաև անհետ կորածների ծնողները։ Նրանց անունից մի կին հայտարարեց․ «Արդեն չորս տարի է՝ անհետ կորածների ծնողները չեն կարող խոսել, տառապում են։ Հեշտ չի իրենց համար խոսելը, քանի որ այնտեղ կարող է վատ վերաբերվեն իրենց տղաների հետ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի վարքագծին՝ նա ասաց․ «Իրենց երեխան, որ լիներ, իրենք չորս տարի սենց անտերության կմատնեի՞ն։ Այսքան երիտասարդների գլուխը կերան… 10 հազար վիրավոր, ու ինքը ծիծաղում է կնոջ հետ․ մեկը լոբի է մաքրում, մյուսը՝ հեծանիվ քշում»։
Այնուհետև անհետ կորածների ծնողները վրդովվեցին ու դիմելով լրագրողներին ասացին՝ հինգ րոպե կնկարեք, կգնաք ձեր տները, բայց թե ինչ է կատարվում մեր ու մեր տղաների հետ, ոչ մեկը չգիտի։
Ծնողներից մեկն էլ հուզվեց ու վրդովվեց․ «Անհնարին է, միակ զավակս է գնացել, անհնարին է դիմանալ, էս ի՞նչ եք անում»։
Կարդացեք նաև
Անհետ կորածներից մեկի եղբայրն էլ ասաց․ «Մենք տեսնում ենք, որ իշխանության կողմից անտեսվում է անհետ կորածների ընտանիքների ցավը։ Հայտարարում են, որ խաղաղության պայմանագրում չկա գերիների մասին կետ։ Սա քննադատելի ու անընդունելի մոտեցում է։ Մենք պետք է ցույց տանք, որ հանրությունն ու պետությունն այս երկրում տարբեր մոտեցումներ ունի։ Մեզ խաբել են չորս տարվա ընթացքում՝ ամեն օր հույս տալով, տարբեր տեղեր ուղարկելով, ձգձգելով։ Շտապում են ստորագրել համաձայնագիր, դրանից հետո մեր խոսելն ավելի է դժվարանալու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ