Լրահոս
Օրվա լրահոսը

Բակալավրիատում 3,5-4 անգամ ավել ընդունելություն ենք գրանցել, մագիստրատուրայում՝ 2,5

Սեպտեմբեր 13,2024 14:10

«Այս տարի շարունակում ենք դպրոցներում Հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրման գործընթացը: Այս սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվել է եւս 4 դասարաններում, եւ այս պահին, ընդհանուր առմամբ 12 դասարաններից 7-ում ուսումնական գործընթացը կազմակերպվում է նոր չափորոշիչով: Սա վերաբերում է ավելի քան 250 հազար մեր երեխաներին, որոնք սովորում են այդ դասարաններում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հավելեց, որ նոր չափորոշչի տրամաբանությամբ աշխատում են նաեւ նախադպրոցական հաստատություններում, սակայն դրա մասին շատ չի խոսվում: Հիշեցրեց, որ հաստատվել էր նաեւ Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը, որը ներդրվել է 190 մանկապարտեզներում:

«Այս տարի բավականին լավ արդյունքներ ենք գրանցել քոլեջներում, մեր ՄԿՈՒ հաստատություններում: Այդ հանգամանքը շատ ուրախացնող է, որովհետեւ արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862, մինչդեռ նախորդ տարի ունեցել էինք 3106 ուսանող »,-նշեց նա:

Հավելեց, որ այժմ մրցութային ընդունելություն են ունենում այն մասնագիտությունների գծով, որոնք պահանջված էին տնտեսության կողմից, բայց տարիներ շարունակ բավարար թվով դիմորդներ չէին ունենում անգամ անվճար տեղերի պարագայում: Ըստ նրա, դիմորդների թվի աճը պայմանավորված է կրթաթոշակային քաղաքականությամբ:

Նախարարի խոսքով, ավելացել են նաեւ միջին մասնագիտական ծրագրերի ընդունելության արդյունքները. «Նախորդ տարի ունեցել ենք 10417 ուսանող, այս տարի՝ ավել քան 11100»: Ասաց, որ այդ միտումը աճում է բոլոր այն ուղղություններում, որտեղ վերանայվել է կրթաթոշակը:

Ընդգծեց, որ նույն քաղաքականությունը ներդրել են բարձրագույն կրթության համակարգում բնագիտական ծրագրերով մանկավարժական համալսարաններում՝ ուսանողների համար. «Այստեղ եւս ունենք արդյունք՝ բակալավրիատում 3,5-4 անգամ ավել ընդունելություն ենք գրանցել, իսկ մագիստրատուրայում 2,5 անգամ: Տարիներ շարունակ խոսում էինք, որ բնագիտական ուղղություններով ուսուցիչներ եւ սովորողներ չունենք, պարզ չէ, թե առաջիկայում ով է համալրելու թափուր տեղերը, բայց կրթաթոշակային քաղաքականությունը մեզ հույս է տալիս, որ դիմորդների դիմելիության առումով կունենանք անհրաժեշտ ցուցանիշներ»:

Նախարարը հավելեց, որ նախորդ շաբաթ նաեւ ագրարային ոլորտի ուսանողների համար է սահմանվել ամսական 70 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն, ուստի հույս ունեն, որ ագրարային ոլորտում եւս կլինեն դրական ցուցանիշներ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30