«2023թ դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել ենք գրանցված 42 դեպք՝ ընդհանուր պայթյունների մասով, արդյունքում եղել է 6 զոհ, 53 տուժած: Իսկ 2024թ օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ունենք 34 պայթյուն, որի արդյունքում՝ 9 զոհ եւ 39 տուժած: Այդ 34 պայթյուններից 29 գազի պայթյուններ են»,- «Արմենպրեսի» սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով, գրեթե բոլոր դեպքերում պատճառը անվտանգության տարրական կանոնները չպահպանելն է. «Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները՝ թե կենցաղում, թե տրանսպորտային միջոցները վարելիս, թե գազալիցքավորման ժամանակ»:
Մայոր Վարդանյանը փաստեց, որ մեծ մասամբ բնակարաններում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով են լինում պայթյունների դեպքերը, մասնավորապես՝ գազի բալոններից եւ ընդհանրապես գազի արտահոսքից:
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, իրենց կենտրոն դիմած դեպքերը մի քիչ տարբերվում են, որովհետեւ այս պարագայում դրանց ավելանում են նաեւ կենցաղային գործոններից առաջացած այրվածքները՝ տաք ջրի պատճառով այրվածքները, հոսանքահարությունները:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանի խոսքով՝ամեն ամիս նման դեպքերի թիվն ավելանում է. «Նախորդ տարիների համեմատությամբ՝ գրեթե 30 տոկոս աճ կա: Փորձում ենք մարդկանց բացատրել, զրուցում ենք դեպքի մասնակիցների, թե բուժառուների, թե նրանց հարազատների հետ: Գալիս ենք այն մտքին, որ ցանկացած դեպք ամենապարզ կանոնի խախտումից է առաջացել: Օրինակ ավտոմեքենայի պայթյունը՝ գազի հոտը հստակ կար, բայց չգիտես ինչու որոշեցին ծխախոտ օգտագործել, կամ տանը ջրի կաթսան տաքանում է, եւ կողքին երեխաներ են վազվզվում, իսկ կաթսան հեշտությամբ կարող է շրջվել եւ առաջացնել ծանր հետեւանքներ»:
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը ցավով փաստեց, որ քիչ չեն նաեւ մահվան ելքով դեպքերը. «Մենք, իհարկե, կարող ենք պայքարել հիվանդության դեմ, փորձել շտկել այրվածքի հետեւանքները, բայց անգամ առողջացած բուժառուները, որ դուրս են գալիս մեր կենտրոնից, իրենցից հետո մնում է այն ծանր վիճակը, մթնոլորտը, որի միջով թե իրենք են անցել, թե իրենց հարազատները, եւ թե բժիշկները, որոնք զբաղվում են այդ խնդրի բուժմամբ: Այս ամենը հաշվի առնելով՝ կրկին հորդորում եմ էլ ավելի ուշադիր լինել ամենահասարակ կանոններին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ