Ազգային ժողովն առայժմ առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ քվեարկության դրված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով: Այս հարցի հանրայնացումից հետո կառավարական նախագիծն այնքան արագ մտցվեց խորհրդարանի օրակարգ, որ դրա մասնագիտական ու հանրային քննարկման հնարավորության մասին խոսք լինել երեւի չէր էլ կարող:
Դեռ խորհրդարանական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրինագիծը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մասնավորապես նշել է, թե «անհրաժեշտություն է առաջացել ավելի արժեւորել պետություն, պետական եւ պետականություն բառերը»:
Բայց մինչ նման հիմնավորումներին արձագանքել փորձելը մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք համացանցային աղբյուրներում՝ պարզելու, թե հարցն ինչպես է դրված աշխարհի տարբեր երկրներում: Նշենք, դիցուք, հանդիպած ազգային թատրոններից մի քանիսը. Թագավորական ազգային թատրոն (Լոնդոն)՝ Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնը, երկու ազգային թատրոն (մեկը օպերայի)՝ Չեխիայի մայրաքաղաքում եւ Բռնո քաղաքում, Բելգրադի ազգային թատրոն՝ Սերբիայի ազգային թանգարանի հարեւանությամբ, վեց ազգային թատրոն Ֆրանսիայում՝ սկսած հայտնի «Կոմեդի Ֆրանսեզ»-ից, այդ տիտղոսը կրող թատրոններ Ալբանիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Իսրայելում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շոտլանդիայում, Ուելսում, այլուր: Ազգային թանգարաններ միայն Վիքիպեդիայում հաշվեցի ավելի քան ութ տասնյակ, այդպիսի պատկերասրահներ՝ 20-ը: Աշխարհի խոշորագույն գրադարաններից նշվողների թվում են Բրիտանական գրադարանը՝ Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանը, աշխարհի խոշորագույն՝ Կոնգրեսի գրադարանը՝ ԱՄՆ-ի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական (Մոսկվա, ազգային համարվող), Ռուսաստանի ազգային (Սանկտ Պետերբուրգ) գրադարանները, այդպիսիք Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Դանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ուկրաինայում… 1980-ական թվականներից՝ արդեն նաեւ ազգային էլեկտրոնային գրադարաններ: Գիտությունների ազգային ակադեմիաներ Բելոռուսիայում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, ազգերի խառնարան ԱՄՆ-ում, Ադրբեջանում…
Կարելի՞ է ասել, թե այս երկրներում պետականն ու պետականությունը կարեւորված չեն: Եթե որեւէ մեկը կհամարի, թե մերն ուրիշ է, թվում է՝ մեր պարագայում առավել եւս պետք է կարեւորվեր ազգայինն ու ազգայի՛ն պետությունը, պետականությունը, ինչը բացատրելու անհրաժեշտություն երեւի չկա: Կամ պետական են, օրինակ, մի հանրակրթական դպրոցի գրադարանն ու մեր Ազգային գրադարանը՝ աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը: Դրանք մի հարթության վրա դնելը որքա՞ն ճիշտ է:
Կարդացեք նաև
Եվ նշենք առավել էականը: Չենք խորացել՝ իրավական հարթությունում ինչպես է գնահատվում ազգ (ժողովուրդ)-պետություն հարաբերակցությունը, բայց պարզ տրամաբանությունը կարծես թե թելադրում է, որ, ինչպես մեկ անգամ արդեն առիթ ունեցել ենք ասելու, առաջնայինը ազգը, ժողովուրդն է, իսկ պետությունը նրան ծառայող գործիքն է: Ըստ այդմ բարձրագույն արժեքը ոչ թե պետությունն է, այլ ազգը, ժողովուրդը, որին որպես կազմակերպման բարձրագույն ձեւ ծառայում է պետությունը: Եվ այս երկու հասկացություններն իրար հակադրելը կարծում ենք՝ ճիշտ չէ: Ի վերջո, պետությունը եւ մեր հազարախնդիր պետականությունը բառը փոխելով չեն կարեւորում ու ամրացնում:
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում