Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներքին ու արտաքին քաղաքականությունը պարտվողական է». ի՞նչ են ուզում նոր քաղաքացիական շարժումները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2024 11:25

2018 թվականից հետո նոր շարժումներ ստեղծվեցին․ «Հայաքվե», «Բաբոն տեր ա», «Միասին», «Բռունցքդ բեր», «Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Հայաստանը ես եմ», «Զանգ», որոնք, ի տարբերություն հների, քաղաքական պահանջներով են հանդես գալիս։ Նրանք հստակ արտացոլում են նախկին-ներկա հրապարակային հակամարտությունը, որն իր հետ բերեց 18 թվականը։

«Հայաքվեն» սկիզբ առավ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաքից։

Ի՞նչ է անում «Հայաքվեն» հիմա, ի՞նչ ծրագրեր ունի։ Այս մասին լիարժեք պատկերացում կստանանք սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը նախաձեռնությունը մամուլի ասուլիս է հրավիրել։ 23 թվականի դեկտեմբերից հետո շարժումն աստիճանաբար մարում է, ճի՞շտ է այդ տպավորությունը։ «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը համաձայն չէ իմ այս տեսակետի հետ։ «Այս ընթացքում նախաձեռնություններ եղել են, Սրբազան պայքարին առաջինը մենք ենք միացել, իրենց հետ քայլելով եկել եմ, ես հիմա չեմ կարող բոլորը թվարկել, բայց ամսի 20-ին բոլորը կհայտարարենք»։

Արամ Պետրոսյանը ներկայիս քաղաքական պահը բնորոշում է որպես «խայտառակ վատ»։ «Ակնհայտ է, որ ինչ-որ շատ վատ բան է նախաձեռնվում Հայաստանի դեմ, մեր իշխանությունն էլ կետ առ կետ կատարում է Ալիեւի պահանջները, Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթը՝ դրա ապացույցը, երբ նա ասաց, որ Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի։ Իմ անձնական կանխատեսումը տագնապալի է՝ Իրանը մի կողմից անընդհատ ժամը մեկ հայտարարում է, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են, նշանակում է, ինչ-որ բան է կատարվում, սրանք ինչ-որ անընդհատ կուրս են փոխում՝ Ամերիկա-Ռուսաստան, լուրերը, որ հետ են կանչում Հայաստանի ստորագրությունը Պուտինի կալանավորումը սահմանող փաստաթղթի տակ։ Այսինքն՝ պարզ է, որ տուժելու ենք ես ու դուք, մեր երկիրը, իրենք ո՛չ երկիր ունեն, ո՛չ հայրենիք, ու էս ամենը մեր գլխին է ջարդվելու»։

Մեծ պլաններ ունի նաեւ «Միասին» շարժումը, որն ինտելեկտուալների միավորում է՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, բանասիրության դոցենտ Նարինե Դիլբարյան, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան, որը, կարելի է ասել, ձեւավորվեց 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը չի պաշտպանելու Արցախը։ Մինչ այդ նախաձեռնությունն Աղավնոյում Բերձորի պաշտպանության ակցիաներ էր կազմակերպում։

«Ինչ-որ շրջան փորձում էինք համագործակցել իշխանությունների հետ, բայց դա փակուղի էր։ Շարժումը սկսվեց, երբ հասկացանք, որ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը պարտվողական է։ Փորձեցինք դիմել խորհրդարանական ֆրակցիաներին, ոչինչ չստացվեց, եւ դրանից հետո հասանք վարչապետի հրաժարականի պահանջներին։ Հանդիսանալով ընդդիմադիր՝ մենք փորձում էինք սկզբում առաջարկներով առաջ գնալ, առանց հեռացման պահանջներ ներկայացնելու, բայց արդեն 2023 թվականի հոկտեմբերի վերջին, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, պահանջեցինք նրա հրաժարականը, եւ որ ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը, եթե այդպիսին կար, չեղարկեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը», – հիշում է Նարինե Դիլբարյանը։

Հետագայում «Միասին» շարժումն աջակցեց Բագրատ սրբազանի պայքարին՝ միանալով ընդդիմության ընդհանուր ճակատին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30