Այս օրերին պաշտոնական Թեհրանն օգտագործում է իր բոլոր ամբիոնները՝ որեւէ գնով Հայաստանի հետ սահմանի խզումը թույլ չտալու երկրի հաստատակամությունն ի ցույց դնելու համար: Եվ ինչպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ է նշված՝ «Իրանի առջեւ բարդ խնդիր է դրված՝ խուսափել «Զանգեզուրի» միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից եւ դիմակայել իր հարեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին»:
Իրանցի վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, Իրանը նաեւ խիստ մտահոգ է, որ Երեւանը Թեհրանի հետ իր հեռանկարային հարաբերություններն ուրվագծելիս անխուսափելիորեն հաշվի է առնելու ռուս-իրանական հարաբերությունների առանձնահատուկ մակարդակը եւ զգուշավորությամբ է Իրանի հետ մերձեցման քայլեր ձեռնարկելու: Պատճառը 44-օրյա պատերազմում դաշնակցային պարտավորությունների հարցում թերացած Մոսկվայի նկատմամբ Երեւանի վերաբերմունքի փոփոխությունն է:
Իրանին նաեւ մտահոգում են ռուսական առանցքից հեռանալուն զուգընթաց Արեւմուտքին մերձենալու Հայաստանի հետեւողական քայլերը, ինչը, Թեհրանի պատկերացմամբ, նույնպես չի կարող նպաստել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Իրանը ձգտելու է գործնականում ցույց տալ Երեւանին, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը պետք չէ պայմանավորել ռուս-իրանական հարաբերությունների հետ: Քանի որ ներկայիս ռուս-իրանական հարաբերությունները ոչ թե ռազմավարական են, այլ կառուցված են իրավիճակի թելադրանքով՝ դիպվածային ճգնաժամերի կարգավորման նպատակով:
Կարդացեք նաև
Իրանցիները նաեւ փորձելու են բացատրել Երեւանին, որ հայաստանյան գործընթացների մեջ ԱՄՆ-ի ներգրավված լինելու մարտավարությունն ընդամենը Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից դուրս մղելու ռազմավարության մաս է կազմում:
Արդյո՞ք Թեհրանին մտահոգող վտանգներն ընկալելի ու ընդունելի են Երեւանի համար:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում