Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլի 18-ին որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, դրա փոխարեն կիրառեց տնային կալանք եւ 7 մլն դրամ գրավ սահմանեց: Նա մինչ օրս տնային կալանքի տակ է:
Սամվել Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում երեկ նշեց. «Ոչ մի նորություն չկա գործի ընթացքից:
Կատարվածի մասով ասեմ, որ ինձ ուղեկցող ոստիկաններն այդ հանցագործության համահանցակիցներն են: Աշխատանք չունեմ, ռացիայով աշխատանք չեմ կարող կատարել, նախքան տեղի ունեցածը` ունեի աշխատանք, սակայն այս կարգավիճակում դա հնարավոր չէ: Մյուս աշխատանքից էլ ազատել են»:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Ոստիկանների ներկայությամբ, մասնակցությամբ դաժանություններ եղել են, սակայն այս գործի առանձնահատկությունն այն է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչ թե ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մեջ է խնդիրը, այլ` քաղաքացի-իշխանություն հարաբերությունների մեջ: Ցավոք սրտի, խոշտանգումները Հայաստանում հազվադեպ չեն, բայց դրանց մոտիվացիան հիմնականում այլ է:
Կարդացեք նաև
Սամվելի դեպքում որեւէ մոտիվացիա ոստիկանների կողմից չի եղել, մոտիվացիան քաղաքական իշխանության մեջ էր: Խնդիրը քաղաքական է: Բարձրագույն իշխանության ուղիղ մասնակցությունն ենք այստեղ տեսնում: Բացառում եմ, որ այս պարագայում կարող է այս գործն ունենալ հեռանկար: Սամվելի գործն այնքան խոսուն է, որ միակ բանը, որ կարող են անել, այս գործը քնեցնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չեմ ցանկանում կասկածի տակ դնել վարույթն իրականացնող քննիչի պրոֆեսիոնալիզմը: Խոսքը ոչ թե ինչ-որ մի անձի, այլ՝ համակարգի մասին է: Ես չեմ հավատում, որ այս համակարգն ունակ է արդարադատություն իրականացնել եւ արդյունք ունենալ: Ալեն Սիմոնյանը սպառնացել էր, նրա հրապարակային ակտն է հիմքն այս ամենի, բայց խնդիրն Ալեն Սիմոնյանը չէ, «Քաղպայմանագիրն» իր պաշտոնական էջում տարածել էր Սիմոնյանի գրառումը, ստացվում է, որ դա կուսակցության դիրքորոշումն է, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի»,- եզրափակեց Մելիքյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: