Ահավասիկ` Սյունիքով անցնող ճանապարհի, արտաքին խաղացողների հայացքով` միջանցքի թեման: Շշմել կարելի է, թե ամենաբարձր պաշտոնյաներն իրարից տարբեր ինչ մտքեր են արտահայտում նույն թեմայով:
ԱԳ փոխարտգործնախարարն ասում է` ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել երրորդ երկրի լիցենզավորված-մասնագիտացված կազմակերպության: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է` դա ընդամենն առաջարկներից մեկն է, որ քննարկվում է, եւ այդ տարբերակը, երկրի ինքնիշխանության զիջման մեր մտահոգությանն ի պատասխան, ՀՀ դրոշի ներքո եւ ՀՀ օրենքներով է լինելու, ի՜նչ ինքնիշխանության զիջում, եւ բացի այդ` քանի որ հակամարտությունը դեռ թարմ է, ապա կոմֆորտ կլինի, որ անցնելիս բեռները միջնորդ զննի:
Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ (Հայաստանում եւ Ադրբեջանում) արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերությունների, որոնք գնացքի մեջ կարող են ուղեկցել բեռները կամ ուղեւորներին, այս տեսակետն արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտնել:
Իսկ Ալեն Սիմոնյանի ասածից ընդամենը ժամեր անց ե՛ւ միջազգային համաժողովում, ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Փաշինյանը պնդեց, որ Սյունիքով անցնողը ճանապարհ է, այն բացառապես ՀՀ վերահսկողության տակ պետք է լինի, ոչ մի միջազգային երրորդ կողմ չի վերահսկելու, այդ թվում ռուսական սահմանապահ ծառայության մարմինները:
Կարդացեք նաև
Ի՞նչ է ստացվում` ՀՀ առաջին ռանգի չորս պաշտոնյա միաժամանակ տարբեր կարծիքներ են հայտնում նույն բանի մասին: Եթե կարծիք հայտնողները լինեին զրուցարանում նարդի խաղացողները` կարելի էր մի կերպ կուլ տալ, բայց ո՞նց կլինի, որ երկրի թիվ երկու պաշտոնյան, արտաքին գերատեսչության ղեկավարները երկրի համար որոշիչ հարցում կարեւոր մանրամասներում տարբեր տեսակետ հայտնեն: Ի՞նչ է դա նշանակում. կա՛մ վարչապետը նրանց պատշաճ չի իրազեկում տեղի ունեցողի մասին, կա՛մ հարցի վերաբերյալ իրոք միասնական մոտեցում չկա, եւ որոշումները ծնվում են հընթացս, արտաքին գործոնների ազդեցությամբ անընդհատ փոփոխվելով:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում