Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմությունը մեզանից չի սկսվում

Սեպտեմբեր 13,2024 10:00

Ամենամեծ եւ ամենավտանգավոր մոլորությունը, որի մեջ կարող է ընկնել հասարակությունը, այն համոզմունքն է, որ պատմությունը սկսվում է նրանից, որ ներկայումս ապրողները, այսպես ասած, «նոր էջ են բացում»: Այդ աններելի սխալն են իրենց թույլ տալիս այս կամ այն երկրի մտավոր ու քաղաքական վերնախավերը եւ, նախեւառաջ, իհարկե, իշխանությունները:

Բայց մնայուն արժեքները ստեղծվում են ոչ թե անցյալը մերժելով, այլ անցյալի մեջ լավագույն պահերը արժեւորելով, նույնիսկ, կասեի՝ փառաբանելով՝ «դառնամ եւ փառաբանեմ», ըստ մեր ավանդույթի: Քրիստոսն ասում էր, որ նա եկել է լրացնելու, զարգացնելու եւ, մեծ հաշվով, կիրառելու հին ուսմունքը: 4-6-րդ դարերի հայ հայրենասեր ինտելեկտուալները ակնածանքով էին վերաբերվում հունական, ասորական եւ հրեական ժառանգությանը, ու հենց այդ պատճառով է, որ կարողացել են հիմք դնել մեր այսօրվա մշակույթին:

Լյութերականությունից եւ հատկապես՝ 17-րդ դարից սկսած’ մարդիկ Եվրոպայում հիմնականում սկսեցին այլ ձեւով մտածել: Օրինակների համար հեռու չգնալով’ դառնանք 20-րդ դարին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային եւ արեւմտյան պետությունների զինվորական վարչակազմերը Եվրոպայում, անհրաժեշտ պայքար մղելով նացիզմի մնացուկների դեմ, մերժում էին այն հոգեւոր նվաճումները, որոնց հասել էր եվրոպական մշակույթը նախորդ դարերի ընթացքում: (Դրա մասին համոզիչ ձեւով գրում է երջանկահիշատակ Կարեն Սվասյանը «Եվրոպա. Երկու մահախոսական» աշխատության մեջ):

Մեր եւ մեր հայրերի ու պապերի աչքի առաջ բոլշեւիկները մերժում էին ցարիզմն ու բուրժուազիան, Խրուշչովը մերժում էր Ստալինին, Բրեժնեւը՝ Խրուշչովին, Գորբաչովը՝ Բրեժնեւին: Քոչարյանի քարոզչությունը ՀՀՇ-ին անվանում էր «մարդասպանների կուսակցություն»: Իսկ հիմա… դե, գիտեք: Վերջերս սրճարաններից մեկում տերմինալը չէր ընդունում իմ վճարումը: Մենեջերին հարցնում եմ՝ իմ քարտի՞ խնդիրն է, թե՞ տերմինալի: Մենեջերի պատասխանը սրամիտ էր. «Ո՛չ քարտի, ո՛չ էլ տերմինալի: Մեղավոր են նախկինները»:

…Շուտով Մյուռոնօրհնեքի արարողությունն է: Դրա մեջ ինձ համար ամենակարեւորն ու խորհրդանշականն այն է, որ հին մյուռոնն ամբողջությամբ չի թափվում, այն որոշ քանակությամբ պահպանվում է, դրան ավելացվում է նորը: Այդպիսով, 17 դար շարունակ ամեն ինչ փոխվում է եւ ամեն ինչ պահպանվում է:

Ռուսների մոտ կա մի արտահայտություն, որը կարելի է թարգմանել այսպես՝ «նույն մյուռոնով են օծված»: Չնայած դա կիրառվում է բացասական իմաստով, բայց մեր ազգի կիրառությամբ ես դրանում տեսնում եմ նաեւ շատ մեծ դրական իմաստ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յակոբ Պարոնեան՝ «Ետեւդ նայիր, որ առջեւդ տեսնես»…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30