Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում ես վերաքննիչ դատարան, բողոքդ ուղարկվում է Ռուսաստան

Սեպտեմբեր 13,2024 13:00

Արտաշես Բասմաջյանը ներկայացնելով իր՝ թիվ ԵԿԴ/0931/02/13 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ ինքն իրացրել է տվյալ քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքն օրենքով սահմանված ժամկետում, սակայն, անկախ իր կամքից, վերաքննիչ բողոքը հետ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն:

Դիմողի պնդմամբ` ինքը չպետք է զրկված լիներ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով նախատեսված՝ իր գործի արդար դատաքննության իրավունքից, ինչպես նաեւ պետք է հնարավորություն ունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայացնելու իր վերաքննիչ բողոքը, ինչը, սակայն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից խոչընդոտվել է։

Բասմաջյանը գտնում էր, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 391-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետեւում է, որ դրանք չեն սահմանում ՀՀ վերաքննիչ դատարանի համար այնպիսի հստակ պարտականություն, որ եթե բողոք բերողի կամքից անկախ պատճառներով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը բաց է թողնվել, եւ ներկայացվել է այն հարգելի համարելու միջնորդություն, ապա ՀՀ վերաքննիչ դատարանը պարտավոր է նշված դատավարական ժամկետը վերականգնել ամբողջությամբ եւ վարույթ ընդունել ներկայացված բողոքը։

Ըստ ՍԴ-ի՝ վիճարկվող դրույթների բովանդակությունից հետեւում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոք բերող անձը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի ՀՀ վերաքննիչ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ դատարանի հայեցողության սահմաններն ու շրջանակները որեւէ կերպ սահմանված չեն օրենքով։

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական եւ (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

ՍԴ դատական կազմը մերժեց Բասմաջյանի անհատական դիմումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30